Իրվինի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավի 3D մոդելը և բացահայտել Քրիստոսի ձեռքին գտնվող տիեզերքի արարումը խորհրդանշող թափանցիկ գնդի գաղտնիքը, հաղորդում է MIT Technology Review-ն:

Գունդը գրեթե չի աղավաղում իր հետևում գտնվող տարածությունը, ինչը երկար ժամանակ հարցեր էր առաջացնում արվեստաբանների մոտ, քանի որ հայտնի է, որ նկարիչ-գյուտարարը զբաղվում էր օպտիկայի ուսումնասիրությամբ:

Համակարգչային գրաֆիկայի օգնությամբ հետազոտողները պարզել են, որ կտավում պատկերված օբյեկտը ապակուց պատրաստված 6.8 սանտիմետր տրամագծով, ոչ ավելի, քան 1.3 միլիմետր հաստությամբ դատարկ գունդ է: Այն տեղակայված է Քրիստոսի մարմնից 25 սանտիմետր հեռավորության վրա:

Երկու տարի առաջ ամերիկացի կենսագիր Ուոլտեր Այզեկսոնը դա Վինչիին նվիրված աշխատության մեջ կարծիք էր հայտնել, որ նկարիչը փորձել է Քրիստոսին և նրա գնդին օժտել «հրաշագործ հատկություններով»՝ նշելով, որ եթե այն ճշգրիտ արտացոլեր աղավաղումները, ապա գնդի հետևում ձեռքի ափը կլիներ փոքրացված կամ մեծացված:

Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը երկար ժամանակ կորած էր համարվում: Այժմ այն գտնվում է մասնավոր հավաքածուում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել