Ռեմբրանդտի «Գիշերային դետք» կտավը կրկին ցուցահանդեսի է հանվել ամբողջական տեսքով։ Դրա վերականգնմանը մասնակցել է արհեստական բանականությունը, որն աշխատանքում ավելացրել է կերպարների, որոնք բացակայել են կտավից։
Վարպետի կտավը երեք դար շարունակ կիսատ էր՝ առանց կողային հատվածների։ Արհեստական բանականության ի հայտ գալուն պես հնարավոր է եղել կտավը նախկին չափսերին հասցնել։
Ռեմբրանդտն իր գլուխգործոցն ստեղծել է 1642 թ․։ Կտավն ի սկզբանե ունեցել է 3,63x4,37 մ չափս և համարվում է 17-րդ դարում Հոլանդիայում ստեղծված լավագույն աշխատանքներից մեկը։ Սակայն հանգաանքների բերումով այյն կտրվել է բոլոր կողմերից, քանի որ ցուցադրության սրահներից մեկում այն պարզապես չէր տեղավորվում։
Կտրված հատվածները չեն հայտնաբերվել, սակայն, բարեբախտաբար, 17-րդ դարի կեսերին Հերիտ Լյունդենսն արել էր կտավի կրկնօրինակը, որը պահպանվել է։ Մասնագետներն այն օգտագործել են արհեստական բանականությանը վարպետի ոճը սովորեցնելու համար, որպեսզի ծրագիրը կարողանա վերականգնել գլուխգործոցը։
Վերականգնման ժամանակ կտավն ու դրա կրկնօրինակը լուսանկարել են։ Ապա մասնագետները համակարգչի միջոցով համապատասխանեցրել են դրանց չափսերը, մի փոքր մշակել Լյունդենսի աշխատանքը, ապա ծրագիրն անցել է պակասող հատվածների վերականգնմանը։ Վերականգնումից հետո կտավը ներկայացվել է թանգարանի այցելուներին։