Արվեստի գործերի հափշտակությունը հազվագյուտ երևույթ չէ։ Անգամ լեգենդար «Մոնա Լիզան» մի անգամ գողացել են թանգարանից։ Սակայն եթե այն, բարեբախտաբար, ի վերջո վերդարձել է հարազատ Լուվր, ապա տասնյակ այլ հայտնի կտավներ ու քանդակներ այդպես էլ մնացել են գողերի ձեռքերում։
Սուրբ ծնունդը սուրբ Ֆրանցիսկի և սուրբ Լավրենտի հետ
Հեղինակ՝ Միքելանջելո Մերիզի դա Կառավաջո
Հափշտակության տարեթիվը՝ 1969
Կառավաջոն այս կտավն ստեղծել է մահից մեկ տարի առաջ՝ 1610 թ.։ Հսկայական կտավում, որն ունի 268x197 սմ չափսեր, սրբերն ու Մարիամը պատկերված են իտալացի թշվառականների կերպարում։ Կտավը հափշտակվել է Պալերմոյում գտնվող Սուրբ Լորենցոյի մատուռից. 1969 թ. հոկտեմբերի 17-18-ին հանցագործները կտրել և կոպիտ կերպով առանձնացրել են կտավը շրջանակից։ Դրանից հետո ստեղծվել է ոստիկանական հատուկ ջոկատ, որը մասնագիտացած է արվեստի կորած գործերը հայտնաբերելու գործում։ Սակայն, այնուամենայնիվ, կես հարյուրամյակից ավելի է, ինչ Կառավաջոյի կտավը համարվում է հափշտակված։ Գոյություն ունեցող վարկածի համաձայն՝ հափշտակությունը կատարվել է սիցիլական մաֆիայի կողմից։
Վանիտաս
Հեղինակ՝ Յան Դավիդս դե Հեմ
Հափշտակության տարեթիվը՝ 1972
1972 թ. Մոնրեալի կերպարվեստի թանգարանում ավազակություն տեղի ունեցավ. երեք զինված ավազակներ պատուհանով ներխուժել էին, մասնակի անջատել ազդանշանային համակարգը, կապկպել թիկնապահներին և հափշտակել 18 կտավ ու 38 թանկարժեք իր։ Գողացված կտավների թվում էին Կորոյի, Օնորե Դոմիեի, Դելակրուայի, Ժան-Ֆանսուա Միլլեի, Ռուբենսի, Ռեմբրանդտի և այլ հայտնի արվեստագետների աշխատանքներ։ Վնասն ընդհանուր առմամբ գնահատվել է ավելի քան 2 միլիոն դոլար։ Հետագայում հայտնաբերվել է միայն Յան Բրեյգել Ավագի կտավներից մեկը։
Ճանապարհ դեպի Սևր
Հեղինակ՝ Ժան-Բատիստ Կամիլ Կորո
Հափշտակության տարին՝ 1998
«Ճանապարհ դեպի Սևրը» Ժան-Բատիստ Կամիլ Կոյրոյի ամենահայտնի կտավը չէ։ Այն Լուվրին նվիրաբերել են 1902 թ.՝ նկարչի մահվանից 25 տարի անց։ Աշխատանքը հափշտակել են լուռ ու առանց հետքերի։ Դա արել է ոչ թե զինված որևէ հանցագործ, այլ անհայտ մի այցելու։ Երբ պահակը նկատել է, որ կտավը բացակայում է, թանագարնի բոլոր ելքերն ու մուտքերը փակվել են և ստուգվել են ավելի քան 10 հազար մարդիկ։ Սակայն հանցագործի հետքը գտնել այդպես էլ չի հաջողվել։