Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ս․ Լավրովի և Մ․ Չավուշօղլուի վերջին հանդիպման բոլոր մանրամասները հատկապես հռետորաբանության մակարդակում պետք է վերլուծել խոշորացույցով բանակցությունների փաստացի նյութի մասին տեղեկատվության բացակայության պայմաններում։
Քանի որ նման գործիչների պարագայում դիվանագիտական լեզվում ոչ մի անկարևոր բառ չկա, ապա ուշագրավ է, որ Ռուասաստանի թիվ մեկ դիվանագետը Հայաստան-Ադրբեջան և Արցախյան հիմնախնդիրների առնչությամբ ռուս-թուրքական հարաբերությունների համար մի քանի անգամ գործածեց հետաքրքիր նրբիմաստներ պարունակող «փոխգործողություն» (ռուս․՝ «взаимодействие»), այլ ոչ թե, օրինակ՝ հենց «համագործակցություն» (ռուս․՝ «сотрудничество») բնորոշումը։
Այսինքն, նման հռետորաբանությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ռուսաստանը և Թուրքիան, չնայած հարաբերությունների արտաքուստ դրական թվացող ֆոնին, ոչ թե համագործակցում, այլ իրականում մրցակցում են Հարավային Կովկասում, ինչը ռուսական կողմից դիվանագիտորեն բնորոշվում է «փոխգործողություն» եզրույթով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել