Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ, FactorTV-ին ասել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«Ես՝ Հակոբ Ասլանյանս մեկ ամսով կասեցնում եմ իմ մասնակցությունը ՔՊ խմբակցությանը, դիմում եմ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին խնդրանքով, ձևավորել խմբակության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ։ Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ, փոխել իմ մոտ ձևավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,-ասաց նա։
Ասլանյանն ասաց, որ ծանոթացել է նյութերին, չի տեսել դավաճանություն, պետական գաղտնիքի հրապարակում։
«Ամեն ինչ կարդացել եմ։ Այնտեղ գրված չէ այնպիսի բաներ, որ կարող է պետական գաղտնիքի հրապարակման քողի տակ դնել։ Անձնական կյանքի վերաբերյալ խոսելու կարիք չկար ընդհանրապես։ Մեզանից յուրաքանչյուրն ունի իր նեղ անձնական տարածությունը, որտեղ չի կարելի մտնել։ Ես իմ վերաբերմունքն եմ ասում, դեմ եմ։ Շատ ուշադիր կարդացել եմ»,-ասաց նա՝ նշելով, որ Հովիկ Աղազարյանի հետ երկար ճանապարհ է անցել, նրան շատ լավ է ճանաչում, տեսել է այս օրերին նրա ապրումները։
Ասլանյանի խոսքով, այն պետականամետությունը, նվիրվածությունը, որ կա Աղազարյանի մոտ, շատ քչերն ունեն։
«Ես շատ ծանր եմ տանում այս պատմությունը, ես նրա հետ երկար ճանապարհ եմ անցել»,-ասաց նա։