ԱԳՆ-ն առաջարկում է բարձրացնել դիվանագետների աշխատավարձը: Նախագիծը Պետական-իրավական ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում զեկուցել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Նա նշեց, որ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափի վերանայման անհրաժեշտությամբ:
«Դիվանագիտական հարթակները, ըստ էության, վերածվել են ՀՀ անվտանգության ապահովման առաջին օղակի։ Միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը հավուր պատշաճի ներկայացնելու և լավագույնս ապահովելու համատեքստում անհրաժեշտություն է առաջանում կանխել բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը, խթանել նրանց ավելի լավ աշխատելու և կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան։
Ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը և պատասխանատվությանը, ինչպես նաև դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին, այն է մասնագիտական բարձր որակավորում և բարձրագույն կրթություն, առնվազն երկու օտար լեզվի իմացություն»,- ասել է նա։
Նա նշել է, որ դիվանագիտական աստիճանների համար հավելավճարները սահմանվում են դիվանագիտական պաշտոնային դրույքաչափի 3% -ի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափը աճում է 1% -ով։
«Դիվանագիտական աստիճանները դիվանագետներին շնորհվում են արտաքին գործերի նախարարության մրցութային ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա և հանդիսանում են դիվանագետի պաշտոնային առաջխաղացման հիմքը։
Օրենքի վեցերորդ հոդվածի երկրորդ մասի համաձայն պետական պաշտոնի և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30%-ը, իսկ յոթերորդ հոդվածի յոթերորդ մասը նախատեսում է բացառություն մի շարք պաշտոնների համար, որոնց վրա չի տարածվում հավելավճարի 30%-ի չափը չգերազանցելու սահմանափակումը:
Օրինակ՝ Սահմանադրական դատարանի նախագահ, փոխնախագահ և դատավոր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ազգային անվտանգության պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայություն պաշտոն զբաղեցնողներ, արտաքին հետախուզության ծառայության, քրեակատարողական ծառայության, փրկարար ծառայության ծառայողներ, դատախազներ և այլն»,- ասել է նա:
Սաֆարյանի խոսքով՝ դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվող հավելավճարները ներկայումս օրենքում վերնշված բացառության մաս չեն կազմում։
«Ներկայացված նախագծով առաջարկվում է բացառությունների մեջ ներառել նաև դիվանագիտական ծառայությունը և դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար հավելավճարը 3%-ի փոխարեն սահմանել 80%: Առաջարկում եմ հավանություն տալ նախագծի ընդունմանը և խնդրում եմ երկրորդ ընթերցումը կազմակերպել նախագծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում»,- ասել է Սաֆարյանը: