ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2024թ. նոյեմբերի 28-ի նիստին չզեկուցվող հարցերի փաթեթով:

Այսպիսով՝ կկանոնակարգվեն բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող միևնույն համապատասխան որակավորումը:

Դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար ապահովվում են ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն երկու ընդունելության քննության հանձնում: Դիմորդը, արդյունքում կարևորելով մասնագիտության ընտրությունը, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:

Նախագիծը ներկայացնելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2025-2026 ուստարվա դիմորդները ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ, որից առաջին փուլի դիմումների հայտագրումը ընդգրկում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 25-ը ընկած ժամանակահատվածը և տվյալ տարվա հունվարին հանձնվող միասնական քննությունները:

Որոշումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել