Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը, որը պաշտոնապես կոչվում է Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակ, շնորհվել է ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնին և Չիկագոյի համալսարանից Ջեյմս Ա. Ռոբինսոնին՝ «ինստիտուտների ձևավորման և բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունների համար»։

Այս մասին հաղորդում է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը։

Նշվում է, որ տնտեսագետներն օգնել են հասկանալ տարբեր ազգերի միջև բարգավաճման տարբերությունները և ցույց են տվել հասարակական ինստիտուտների կարևորությունը երկրի բարգավաճման համար:

«Օրենքի գերակայություն վատ փորձ ունեցող հասարակությունները և բնակչությանը շահագործող ինստիտուտները չեն հանգեցնում աճի կամ փոփոխության դեպի լավը: Դափնեկիրների հետազոտությունն օգնում է մեզ հասկանալ, թե ինչու», – գրված է հաղորդագրության մեջ։

Գիտնականներն իրենց հետազոտության մեջ բացատրում են, թե ինչու նախկին գաղութները, որ ժամանակին հարուստ էին, հիմա աղքատ են դարձել և հակառակը։ Տարոն Աճեմօղլուն հայկական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ է, որը ծնվել է 1967 թվականին Թուրքիայում։

Նոբելյան շաբաթվա շրջանակներում հոկտեմբերի 11-ին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական «Նիհոն Հիդանկյո» կազմակերպությանը՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու գործում ցուցաբերած ջանքերի համար:

Հոկտեմբերի 10-ին Գրականության Նոբելյան մրցանակ է շնորհվել հարավկորեացի հեղինակ Հան Կանին՝ «նրա բուռն բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական ցնցումներին և ցույց տալիս մարդկային կյանքի փխրունությունը»:

Հոկտեմբերի 9-ին հայտարարել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրների անունները։ Մրցանակը կիսել են Դեյվիդ Բեյքերը՝ Սիեթլի Վաշինգտոնի համալսարանից, «սպիտակուցի հաշվողական նախագծման համար», ինչպես նաև Դեմիս Հասաբիսը և Ջոն Մ. Ջամփերը՝ Google Deep Mind ընկերությունից, «սպիտակուցի կառուցվածքի կանխատեսման համար»։   Հոկտեմբերի 8-ին հայտարարվել են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները։

Մրցանակը շնորհվել է Ջոն Հոփֆիլդին և Ջեֆրի Հինթոնին՝ «արհեստական նեյրոնային ցանցերի օգտագործմամբ մեքենայական ուսուցման հիմքում ընկած հիմնարար հայտնագործությունների և գյուտերի համար»։

Իսկ հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտը ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել է գիտնականներ Վիկտոր Ամբրոսին և Գերի Ռուվկունին՝ միկրոՌՆԹ-ների մոլեկուլների հայտնաբերման համար, որոնք կարգավորում են գենի գործողությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել