168.am-ը գրում է․
ՆԱՏՕ-ն Վրաստանի կառավարությանը կոչ է արել արագացնել բարեփոխումները: Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վրաստանի իշխանություններին կոչ է արել արագացնել բարեփոխումները դաշինքին միանալու համար։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Սոցցանցում հրապարակված հայտարարության մեջ Կոլոմինան ևս մեկ անգամ հաստատում է ՆԱՏՕ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
«ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հավատարիմ է Վրաստանի հետ երկարաժամկետ գործընկերությանը և կոչ է անում կառավարությանն արագացնել բարեփոխումները՝ ամրապնդելու համար ժողովրդավարական ինստիտուտները և խթանելու վրացի ժողովրդի եվրատլանտյան նկրտումները»,- X-ում գրել է Կոլոմինան:
Նշենք, որ դեռևս «ռուսական օրենքի ընդունումից առաջ Կոլոմինան գրել էր, որ նույնիսկ օրենքի խորհրդարանական քննարկումը հետընթաց քայլ է եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման ճանապարհին։
Ընդգծենք. Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում չի հիշատակվում այն մասին, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Ուշագրավ է, որ ՆԱՏՕ-ի 75-ամյակի հռչակագրի տեքստում Վրաստանը հիշատակվում է միայն մեկ անգամ։ Փաստաթղթում Վրաստանի մասին հիշատակված է Մոլդովայի և Ուկրաինայի համատեքստում, և նշված է, որ ՆԱՏՕ-ն «կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել իր ուժերը Մոլդովայից և Վրաստանից, որոնք այնտեղ տեղակայված են առանց նրանց համաձայնության»։