168.am-ը գրում է․
Պետական կառույցները ոչ միշտ են հանրային միջոցներից սեփական կարիքների համար գնումներ կատարելիս պատշաճ կերպով մրցույթներ կազմակերպում. հաճախ գնումներն իրականացվում են առանց մրցույթի՝ առավելություն տալով գնանշման հարցման և մեկ անձից գնման ընթացակարգերին: Նկատենք, այս եղանակով գնումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։
Մեկ անձ ընթացակարգով գնումներում պետական գերատեսչությունները նախընտրություն են տալիս նաև հրատապ մեկ անձ ընթացակարգերին՝ հաճախ առանց «հիմնավոր» հիմնավորումների:
168.am-ը հերթական նման գնման մասին տեղեկացավ օրերս պետգնումների armeps համակարգից. հունվարի 24-ին Էկոնոմիկայի նախարարությունը հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով շենքերի մաքրման ծառայություններ է պատվիրակել «Ալեքսիմ ՍՊԸ»-ին: Այս հրատապ միջոցառման համար նախարարությունը հատկացրել է 2 միլիոն 835 000 դրամ:
Ի դեպ, էկոնոմիկայի նախարարությունը հատկապես թավշյա իրողություններից հետո աչքի է ընկնում նմանատիպ գնումներով:
Արդյո՞ք այդ շենքերը մաքրելու ծառայությունը հրատապ, անկանխատեսելի հանգամանքով կարելի է պայմանավորել. հարցի պատասխանն ակնհայտ է:
«Ալեքսիմ ՍՊԸ»-ի մասին. 2014-ին Վանաձորում հիմնադրված այս ընկերությունը, պարզվում է, պետգնումներում սկսել է ակտիվություն ցուցաբերել միայն 2020 թվականից հետո՝ 7 գնանշման հարցում, 2 հրատապ մեկ անձ գնում և մեկական հրատապ բաց մրցույթ և էլեկտրոնային աճուրդ ընթացակարգերով այս ընկերության հետ պայմանագրեր են կնքել էկոնոմիկայի նախարարությունը, ՊԵԿ-ը, ՆԳՆ-ն, «Գյումրու շտապ բուժական օգնության կայան» ՓԲԸ-ն, Դատական դեպարտամենտը, Երևանի քաղաքապետարանը և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը:
Ի դեպ, ՀՄԱ ընթացակարգերով 2 գնումներն էլ իրականացրել է էկոնոմիկայի նախարարությունը. նախորդ գնումը 2023 թվականի հունիսի 8-ին է արվել և արժեցել է շուրջ 2 միլիոն 575 միլիոն դրամ:
Այս ընկերությունը, պարզվում է, ունիվերսալ է՝ ընկերության հետ պայմանագրեր են կնքվել ամենատարբեր գնման առարկաներ ենթադրող՝ բժշկական պարագաների ձեռքբերումից մինչև թարգմանչական և համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ, շենքերի մաքրումից՝ մինչև դարակներով պահարանների, դարակաշարերի տրամադրում և այլն: