24news.am-ը գրում է.

Վերջին օրերին Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին իր ագրեսիվ գործողություններով աչքի է ընկնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը: 

Հիշեցնենք, որ երբ Տավուշի մարզի Կիրանց համայնք արգելվել էր ոչ տեղացիների, այդ թվում` պատգամավորների մուտքը, նա «պայքարի» առաջամարտիկն էր, ինչպես պատգամավորներին քաշքշելու, այնպես էլ լրագրողների հանդեպ խտրական վերաբերմունք ցուցաբերելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործում: 

Մենք տեղեկացանք, որ Արթուր Մկրտչյանը վերջերս դիմել է նաև Ոստիկանության ծառայողի ատեստավորման քննությունների` մասնակցել է ֆիզիկական և մարտական պատրաստականության քննություններին, հաղթահարել այն, սակայն հարցազրույցի փուլում «կտրվել է»։ 

24News-ին հայտնի դարձավ, որ Մկրտչյանը մարտական և ֆիզիկական պատրաստականության քննությունները «բարեհաջող ստացել է» շնորհիվ իր ազգականի՝ ոստիկանության գնդապետ, Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության պետ Արմեն Մկրտչյանի: Մեր աղբյուրը մեկ ուշագրավ հանգամանք հայտնեց, որ, հաշբի առնելով ազգակցական կապերը, Մկրտչյանը չէր կարող Դինամոյում «չստանալ» դրական գնահատական: Տեղեկացանք նաև, որ Արթուր Մկրտչյանը Ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունների ֆոնին ձևավորվող նոր Քրեական ոստիկանության ծառայողի մրցույթի դիմորդներից է եղել, որը ևս չի կարողացել հաղթահարել:

Նշենք, որ Արթուր Մկրտչյանը մինչ Տավուշի մարզային վարչության պետ նշանակելը եղել է Գեղարքունիքի մարզային վարչության պետ։ 

24News-ին հայտնի դարձավ, որ նա իր կարիերայի տարբեր հատվածներում թույլ է տվել մի շարք առերևույթ խախտումներ, ինչի հետևանքով ժամանակ առ ժամանակ հեռացվել է պաշտոնից, տեղափոխվել  ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվ, ապա կրկին վերականգնվել որևէ պաշտոնում։ 

Մասնավորապես` 2011 թվականին 2 անգամ հայտնվել է կադրերի ռեզեվրում` հունիսից հուլիս և դեկտեմբերից մինչև 2012 թվականի հոկտեմբեր։ Հետո նույն ճանապարհով է անցել 2015 թվականի ապրիլից սեպտեմբեր, 2018 թվականի հունիսից մինչև 2019-ի փետրվար, և վերջին անգամ՝ 2019-ի հոկտեմբերից նոյեմբեր ամիսներին:

24News-ին հայտնի դարձավ Գեղարքունիքի մարզային վարչության պետ եղած ժամանակ Արթուր Մկրտչյանին վերագրվող արարքների մասին։ Ըստ օդում կախված լուրերի, Սևանի ավազանի որոշ չարաշահումները կապված են նրա անվան հետ: Համակարգում նաև նկատել են, որ Մկրտչյանի ծննդյան առիթներին հրավիրյալների թվում շատ հաճախ կարելի էր տեսնել քրեական կամ վարչական իրավախախտում իրականացրած անձանց:

Մերի Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել