1918թ.-ի մայիսին Հարավային Կովկաս ներխուժած օսմանյան բանակը խնդիր ուներ գրավելու ոչ միայն ներկայիս Հայաստանի Հանրապեսության տարածքը և վերջնականապես փակելու Հայկական Հարցի էջը, այլև զինագրավելու Թիֆլիսն ու Բաքուն: Նախկին Ռուսական Կայսրության փլատակների վրա ձևավորված ու դեռևս սաղմնային վիճակում գտնվող հարավկովկասյան պետության վրացի և հատկապես ադրբեջանցի ղեկավարները փորձում էին «լեզու գտնել» օսմանների հետ՝ զոհասեղանին դնելով հիմնականում Հայաստանի ու հայության շահերը: Թիֆլիսի իշխանությունների կարծիքով՝ եթե զիջեին Կարսի մարզը, ապա հնարավոր կլիներ զինագրավումից փրկել Բաթումը և համոզել թուրքերին չխորանալ դեպի Կովկաս: Սակայն, Կարսը հանձնելուց հետո օսմանյան բանակն այդպես էլ կանգ չառավ: Մայիսի 15-ին զբաղեցնելով Ալեքսանդրապոլը՝ օսմանյան բանակը երկու՝ Սարդարապատի և Ապարանի ուղղություններով շարժվեց դեպի Երևան:
Ըստ պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի՝ այն ժամանակ, երբ հայկական հրամկազմն ակտիվ նախապատրաստական աշխատանք էր տանում փրկելու Երևանն ու Էջմիածինը՝ պատրաստվելով դիմավորել օսմանյան բանակին Սարդարապատում, թուրքերը որոշեցին դեպի Երևան գրոհել նաև հյուսիս-արևելքից՝ Արագածի լանջերով, Ապարանի վրայով: Ի տարբերություն սարդարապատյան ճակատի, որտեղ քաղաքացիական բնակչությունը մասնակցում էր ռազմական գործողություններին, կանոնավոր զորամիավորումներին միանալու տեսքով, Ապարանում բնաչությունը շատ արագ ինքնակազմակերպվեց և մինչև Դրոյի գլխավությամբ Երևանից կհասներ 6 հազարանոց հայկական կանոնավոր բանակը, Ապարանի ինքնապաշտպանական ջոկատներն արդեն կազմը պատրաստ սպասում էին թուրքերի հետ ճակատամարտելուն: Այս գործում շատ մեծ դերակատարություն են ունեցել տեղի հոգևորականները: Դրոյի ընդհանուր ղեկավարությամբ թուրքերի ջախջախումն Ապարանում հնարավոր դարձրեց Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը:
Պատմաբան, լրագրող Անի Հակոբյանը նշում է, որ 1918-ի մայիսին Սարդարապում և Ապարանում հայ ժողովրդի հերոսամարտերը նորօրյա Ավարայր էին՝ մեկն Արաքսի ափին, մյուսը՝ Քասախի: Բնավ, պատահական չէր, որ օսմաններն Արևելք էին ուղարկել թուրքական բանակի ամենաէլիտար ստորաբաժամնումը՝ «Գալիպոլի» (117-րդ) դիվիզիան: Արևելյան Հայաստանի տարածքում հայերի հանդեպ թուրքական բանակը պետք է իրականացներ այն նույն ցեղասպանական գործողությունները, ինչ որ իրականացրել էր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Կայսրության տարածքներում: Փաստացի, 1918-ի մայիսին Ապարանով էր անցնում այն գլխավոր կարմիր գծերից մեկը, որից այն կողմ հայության և Հայաստանի լինել-չլինելու հարցն էր որոշվում:
1918-ի Ապարանի հերոսամարտի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.