Կառավարությունն այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշեց Երևանի Կենտրոնում Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող 843,83 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 630 քմ մակերեսով հողամասը տրամադրել վարձակալության մրցույթով։

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) ամրացված քաղաք Երևան, Կենտրոն, Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից չի օգտագործվում ինչպես նաև այն, որ վերջինս գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված՝ տեղական նշանակության «փողոցի կառուցապատման հատվածներ. նահանգական փողոցը» (ցուցիչ՝ 1.6.203) պահպանական միավորի սահմաններում, ելնելով պետական գույքի արդյունավետ կառավարման և պետական բյուջեի մուտքերն ապահովելու տեսանկյունից՝ նպատակահարմար է Երևան քաղաքի Կենտրոն, Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը տրամադրել վարձակալության մրցութային եղանակով», - նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նշվում է նաև, որ «Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում:

Ըստ նախագծի՝ անշարժ գույքը վարձակալության է տրվելու 10 տարի ժամկետով, իսկ ամսական նվազագույն վարձավճարը կազմում է 10,3 մլն դրամ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կառավարության շենքի հարևանությամբ նոր գրասենյակ ունի։ Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքում մի քանի ամիս է վերանորոգման աշխատանքներ են ընթանում, դրանք ավարտական փուլում են։

843 քմ մակերես ունեցող շենքը ՔՊ-ն վարձակալել է 2022 թ․-ին։ Ենթադրվում է, որ կուսակցությունը մտադիր է իր գլխավոր գրասենյակը Սայաթ-Նովայից տեղափոխել Հանրապետության փողոց:

Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ՝ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել