Պաբլո Պիկասոյի (1881-1973) «Գլխարկով կինը» կտավը, որն իսպանացի նկարիչը նկարել է 1941 թ.-ին, 9.1 միլիոն կանադական դոլարով (6.9 միլիոն ԱՄՆ դոլար) վաճառվել է Տորոնտոյի Heffel Fine Art Auction House աճուրդում: Այդ մասին ասված է աճուրդային տան կայքում:

Նկարն արված է յուղաներկով կտավի վրա: Այնտեղ պատկերված է Պիկասոյի մուսան և սիրուհին՝ Դորա Մաարը: Լոտի նկարագրության մեջ ասված է, որ այդ նկարը «եվրոպական հայտնի հավաքածուներից է, որը տարբեր ցուցահանդեսներում, այդ թվում՝ 1956 թ.-ին Նյու Յորքի «Քուտց» պատկերասրահում ցուցադրման մեծ պատմություն ունի»: Աճուրդի սկսվելուց առաջ նկարը գնահատվել էր 8-10 միլիոն կանադական դոլար (6-7.5 միլիոն դոլար):

Պիկասոյի կտավներն ամենաթանկերից են համարվում աշխարհում: Նրա ամենաթանկ գործը, որը երբևէ վաճառվել է աճուրդում, դարձել է 1955 թ.-ին ստեղծված «Ալժիրցի կանայք» (Տարբերակ O) նկարը: Այն աճուրդով վաճառվել է անցած տարվա մայիսին 179.4 միլիոն դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել