Նիդերլանդներում որոշ խանութներ արդեն սկսել են ծխախոտ չվաճառել, քանի որ դրանց պահանջարկն էապես նվազել է։ Մասնավորապես Lidl Nederland սուպերմարկետների ցանցն առաջինն էր, ով վերջերս պաշտոնապես հայտարարեց՝ այլևս ծխախոտ չի վաճառելու։
«Նիդերլանդներում առանց ծխախոտի ապրելակերպի ձգտման մեծ տենդենց կա։ Մենք չենք ցանկանում խաթարել այս դրական տեղաշարժը, ուստի տրամաբանական ենք համարում մեր այս քայլը»,- հայտարարել է ցանցի մամլո խոսնակը՝ ավելացնելով, որ ծխախոտի վաճառքն այլևս շահութաբեր չէ իրենց համար, քանի որ այն շատ քիչ սպառում ունի։
Մամուլում տեղ գտած հայտարարությունների մեջ նաև նշվում է, որ ծխախոտի պահանջարկի նվազման հարցում մեծ ներդրում ունի նաև Lidl Nederland սուպերմարկետների ցանցը։ Արդեն երկար ժամանակ է, ինչ խանութում ծխախոտները ոչ թե տեղադրված են գանձարկղերի մոտ, այլ համեմատաբար անտեսանելի, ուշադրություն չգրավող վայրերում։
Հիշեցնենք, որ 2020 թվականից Նիդերլանդներում բոլոր խանութներին կարգելվի ծխախոտը վաճառել տեսանելի վայրերում՝ բացառությամբ հատուկ մասնագիտացված խանութների։ Բենզալցակայաններին և նմանատիպ այլ վայրերին 2 տարի ժամանակ է տրամադրվել՝ հեռացնելու բոլոր տեսակի ծխախոտային ստենդներն ու գովազդային վահանակները։