Երկու օր առաջ նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում։ Արթուր Բաղդասարյանը որոշել է Հայկական վերածնունդ կուսակցությունն անվանել «Օրինաց երկիր»։ Ինչպես կասեին ռուսները, как старые добрые времена: Խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո, բնականաբար, ենթադրվում էր, որ ինչ-որ փոփոխություններ կուսակցությունն անելու է։ Սովորաբար պառլամենտում պարտված ուժը կամ ուժերն ունեն երկու տարբերակ։ Կա՛մ պետք է միառժամանակ լռեն, վերաիմաստավորեն ու ռեստարտ տան իրենց գործունեությունն արդեն նոր գաղափարներով ու ասելիքներով, կամ էլ ընտրություններից անմիջապես հետո էլ պետք է ինտենսիվ քաղաքական գործունեությամբ զբաղվեն՝ շեշտը դնելով իներցիայի ու հետընտրական իրավիճակների վրա։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը ՕԵԿ-ը չի անում, փոխարենն անընդհատ անվանափոխում է կուսակցության անունը։ Եթե անվան հետ ամեն ինչ նորմալ էր, ինչո՞ւ այդ դեպքում փոխվեց, հետո նորից վերադարձ կատարվեց սրբազան հնին։ Մի՞թե դրանով հանրային վստահությունը կվերադարձվի, որի բացակայության պատճառով էր տեղի ունեցել անվանափոխությունը։ Դժվար թե։ Մյուս կողմից՝ ՕԵԿ-ը շարունակել և շարունակում է մնալ որպես կուսակցություն, որի մեջ առկա են մանր ու միջին բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, կուսակցությունն ունի երիտասարդական ուժեղ կառույց ու, ըստ էության, նրանք ընտրություններում պարտվեցին բացառապես իրենց անսկզբունքայնության պատճառով, նաև այն պատճառով, որ այդ մասին համառորեն չէին ուզում խոստովանել, սխալների ուղղման մասին չեն ուզում խոսել, որովհետև դա իրենց պատվից վեր են համարում։ Դա չի կարող լինել արդյունավետ ճանապարհ, առավել ևս՝ չի կարող լինել ռեաբիլիտացի ազդարարիչ։ Արթուր Բաղդասարյանը և նրա կուսակցությունը կարիք ունեն հանրության հետ լուրջ, անկեղծ խոսակցության, մեղքերի թողության հայցման, նոր միայն քաղաքական ռեաբիլիտացիայի հայտ ներկայացնելու։ Որևէ այլ ճանապարհով նրանք դատապարտված են անհաջողության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: