Արտիստական և ճարտարապետական նախագծեր, մտորում անցյալի ու ներկա օրերի ուտոպիաների, դիստոպիաների ու հակաուտոպիաների շուրջ: Հարցադրումներ, որոնք շարունակում են ոգեշնչել մարդկային երևակայությունն ու փնտրել պատասխաններ՝ պատճառված ցնցումների ու տրված խոստումների վերաբերյալ: «Դեժա-վու ՍՏԱՆԴԱՐՏ»՝ ցուցահանդես, ուր խաչվել են անցյալն ու ներկան կապող ճանապարհները: Սեւանի գրողների միության հանգստյան տանը գրեթե բոլոր պատերը տեսաինստալյացիաներն են զարդարում:


Ավստրիա, Իռլանդիա, Խորվաթիա… «Ստանդարտ» տրիենալեի աշխարհագրությունը մեծ է: Ոչինչ պատահական չէ՝ ո՛չ արվեստագետների ընտրությունը, ո՛չ ցուցադրության վայրը: Համադրող Ռուբեն Արեւշատյանը արվեստագետների ընտրության համար երկար չի մտածել. գաղափարը հուշել է. «Յոզեֆ Դաբերնիգի՝ «Ստանդարտ»-ում ներկայացված ֆիլմերից մեկը նա նկարահանել է 2011-ին, Դիլիջանի կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տանը, երբ այն դեռ ռադիկալ չէր կերպարանափոխվել: Նույն տարում այդ ֆիլմն արժանացավ Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակին: Ջերարդ Բըրնի գործն ինձ համար հատուկ է, որովհետեւ երբ 2007-ին այն տեսա Իռլանդիայի ազգային տաղավարում, անմիջապես մտածեցի՝ ե՞րբ կստեղծվի հնարավորություն այն ներկայացնելու Հայաստանում, եւ ցուցադրության համար հենց Սեւանի գրողների տունը աչքիս առաջ եկավ: 10 տարի է անցել, եւ այդ երազանքն իրականություն դարձավ: Իգոր Գրուբիչի գործն առնչվում է արդի մշակույթին եւ արդի դարաշրջանի ամփոփմանն ու դրա ողջ ողբերգությանը»:

Արվեստագետներից յուրաքանչյուրը սև ու սպիտակ կինոժապավենին է հանձնել զգացողություններ ու հավաքական հիշողություն: Խորվաթիան ներկայացնող Իգոր Գրուբիչի համար արվեստը բարոյական ու քաղաքական ակտիվիզմի ձև է: Արվեստագետի «Մոնումենտը» վիզուալ այլաբանություն է՝ հուշարձանների արդի նշանակության ու իմաստի վերաբերյալ. «Ներկայացրել եմ 50 րոպեանոց ֆիլմ՝ հակաֆաշիստական 9 հուշարձանների մասին: Առաջին բանը, որ ցանկացել եմ բարձրաձայնել ֆիլմի միջոցով, այն է եղել, որ մարդկության ուշադրությունը կարողանամ հրավիրել փաստին, թե որքան շատ հակաֆաշիստական հուշարձաններ ոչնչացվեցին Խորվաթիայում պատերազմից հետո: Այս աշխատանքը փոխեց իմ վերաբերմունքը ֆիլմարտադրության վերաբերյալ»:

«ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն, որի երկրորդ փուլի մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 12-ին, կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը: Տրիենալեն կանցկացվի 3 տարին մեկ, հանրապետության տարբեր շրջաններում՝ բացահայտելով Հայաստանի մշակութային շերտերն ու ձեւավորելով ժամանակակից մշակույթը:

Նշենք՝ շրջիկ ցուցահանդեսը կազմակերպում են Արվեստների հայկական խորհուրդը, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արվեստ հանուն աշխարհի» կազմակերպությունը, «Հասրաթյան» հիմնադրամը, «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամը: Երկրորդ փուլի գլխավոր գործընկերներն են նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը, Գրողների միության հանգստյան տունը Սևանում և «Հայաստան արվեստ» հիմնադրամը:









Նյութը՝ Էմմա Վարդանյանի



