Առաջարկվում է ընտրակաշառք տալու ու վերցնելու դեպքում պատիժը խստացնել, կսահմանվի 9 և 10 տարի ազատազարկում: Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ութերորդ գումարման Ազգային ժողովը ավարտում է իր աշխատանքները, այս տարիների ընթացքում բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ են առաջարկվել իմ և գործընկերներիս կողմից, բայց կա ևս 3 օրենսդրական նախաձեռնություն, որը այս գումարմանը ԱԺ-ն կհասցնի և կքվեարկի, դա կանենք մոտ օրերս կամ արտահերթ քվեարկությամբ:

Ընտրակաշառք տալու և վերցնելու պատիժը կխստացվի, նախկինում մինչև 7 տարին վերցնելու համար էր և մինչև 8 տարին տալու համար, հիմա կխստացվի և կսահմանվի վերցնելու համար մինչև 9 տարի ազատազրկում, իսկ տալու համար մինչև 10 տարի ազատազրկում: Բնական է, որ սա միակ գործիքը չէ, որը կիրառվելու է ընտրակաշառք տվողների և վերցնողների դեմ, կլինեն նաև այլ գործիքներ և քաղաքական հետևանքներ:

Երկրորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է մեր բնակավայրերին, բնակավայրերի հիմնական մուտքերի կամ բոլոր մուտքերի մոտ պարտադիր կերպով պետք է տեղադրված լինի Հայաստանի Հանրապետության դրոշը: Իսկ երրորդը՝ Սահմանադրական օրենքում փոփոխություն կկատարվի և պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի, այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, այսօրվա իրական պետությանը և մեր օրենսդրությանը»,- նշել է Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել