168.am-ը գրում է․

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նավթային հատվածի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Ֆինանսների նախարարությունը ողջ հասանելի գործիքակազմն ու լիազորությունները, այդ թվում՝ երկրորդային պատժամիջոցները կօգտագործի նրանց դեմ, ովքեր շարունակում են աջակցել Թեհրանի ահաբեկչական գործունեությանը», – մեջբերվում է հաղորդագրության մեջ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքը։

Հաղորդվում է, որ պատժամիջոցները սահմանվել են երկու տասնյակից ավելի ֆիզիկական անձանց, ընկերությունների և նավերի նկատմամբ։

«Նշված անձանց ողջ ունեցվածքն ու ունեցվածքային շահերը, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում կամ Միացյալ Նահանգներում գտնվող անձանց տիրապետության կամ վերահսկողության տակ, արգելափակված են», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցների սահմանման մասին հաղորդագրության մեջ նշում է, որ Վաշինգտոնը գործում է՝ «վճռականորեն սահմանափակելու Իրանի՝ եկամուտ ստանալու կարողությունը», քանի որ այն փորձում է «պատանդ պահել» Հորմուզի նեղուցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել