Armenpress.am-ը գրում է․
Կամբոջայի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Թաիլանդին «դաժան և անօրինական գործողությունների» մեջ՝ նշելով, որ դեկտեմբերի 8-ից ի վեր զոհվել է 9 քաղաքացիական անձ, ևս 20-ը՝ ծանր վիրավորվել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
Թաիլանդի պաշտոնյաները հայտնել են, որ մարտերի ժամանակ զոհվել է երեք զինվոր, իսկ 29 մարդ վիրավորվել է։
Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը հայտարարել է, որ Թաիլանդը «չպետք է ռազմական ուժ կիրառի քաղաքացիական գյուղերի վրա՝ իր ինքնիշխանությունը վերականգնելու պատրվակով»։
Դեկտեմբերի 8-ին Կամբոջայի և Թաիլանդի միջև վերսկսված բախումների համար կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին։
Կամբոջայի նախկին առաջնորդ Հուն Սենն ասել է, որ իր երկիրը 24 ժամ սպասել է հրադադարի պահպանմանը նախքան գիշերը թաիլանդական ուժերի դեմ հակագրոհներ սկսելը։
Թաիլանդում զինվորական պաշտոնյաները հայտնել են, որ բախումներ են տեղի ունեցել հինգ սահմանային նահանգներում, և «շուտով կավարտվի կամբոջացի զինվորներին վտարելու համար Տրատ նահանգում ռազմածովային ուժերի գլխավորած գործողությունը»։ Նրանք նշել են, որ Կամբոջան օգտագործում է հրետանի, հրթիռային կայանքներ և ռումբեր նետող անօդաչու թռչող սարքեր՝ թաիլանդական ուժերի դեմ հարձակվելու համար։
Վերսկսված մարտերը ամենալուրջն են հուլիսին հրթիռների և ծանր հրետանու հնգօրյա մարտերից հետո, որի հետևանքով զոհվել էր 48 մարդ։ Լարվածությունը կողմերի միջև շարունակել է աճել նոյեմբերի 10-ին ականի պայթյունից թաիլանդցի զինվորի վիրավորումից հետո։
Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Խուն Մանեթը և Անութին Չարնվիրակուլը հոկտեմբերին Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ձևակերպել է երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Կողմերն ընդգծել են, որ պարտավորվում են «աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին»:



