Armenpress.am-ը գրում է․
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Եվրոպական միության օժանդակությամբ իրականացված լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում Հայաստանը հաջողությամբ կանցկացնի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահն այս մասին ասաց Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում՝ խոսելով առաջիկա միջազգային և ներքաղաքական կարևոր իրադարձությունների մասին։
ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը սկսել է նախապատրաստական աշխատանքները Եվրոպական քաղաքական համաժողովի 8-րդ գագաթնաժողովը 2026 թվականի մայիսին Երևանում անցկացնելու համար։ Բացի այդ, 2026 թվականի աշնանը Հայաստանը կհյուրընկալի նաև ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովը (COP-17)։
«2026 թվականի հունիսին տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները։ Վստահ եմ, որ Եվրոպական միության օժանդակությամբ իրականացված լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում մենք հաջողությամբ կանցկացնենք նաև այս ընտրությունները»,-ասաց Ալեն Սիմոնյանը։



