
Այս ընթացքում մենք ենթարկվել ու ենթարկվում ենք լուրջ ճնշումների մեր նախկին թիմակիցների կողմից: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, կուսակցության համագումարին ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
Ասլանյանը նշեց, որ իր նախկին աշակերտը, իրեն մեղադրելով թիմին դավաճանելու մեջ, իրեն համեմատել է ամերիկյան բանակի գեներալ Բենեդիկտ Առնոլդի հետ, իսկ համեմատության իմաստը նրանում էր, որ իբր նա է Հակոբյանին տարել ՔՊ, աճեցրել է, իսկ ինքն էլ դավաճանել է:
«2017-ին, երբ ՔՊ-ն «Ելք» դաշիքնով մասնակցում էր ԱԺ ընտրություններին և ուներ կադրային լուրջ խնդիր, Մխիթար Հայրապետյանը շատ լավ էր ճանաչում ինձ, ամեն առիթով հպարտանում էր, ներկայացնում ինձ, իմ անցյալ ուղին, արցախյան բոլոր պատերազմներին իմ մասնակցությունը, որպես ուսուցիչ իմ գիտելիքները և դրանք մատաղ սերնդին փոխանցելու կարողությունները, իմ սկզբունքայնությունն ու անկաշառությունը: Ինձ այդ ժամանակ առաջարկվեց միանալ թիմին և առաջադրվել որպես պատգամավոր: Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 861 ձայն ստացա և դա լուրջ արդյունք էր, իսկ արդեն 2019 թվականին ես ստացա ավելի քան 3,500 ձայն, այս դեպքում, իհարկե, մեծ էր վարչապետի գործոնը, բայց կներեք, ես էլ ուսապարկ չէի»,- պատմեց պատգամավորը:
Ասլանյանի խոսքով՝ ինքն ու Հովիկ Աղազարյանն ամեն ինչ արել են, որ ՔՊ-ում ապահովեն առողջ, անկաշկանդ մթնոլորտ:
«Ցավոք սրտի, մեզ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ: Այդ գործընթացը հասավ իր տրամաբանական արդյունքին, և մենք այսօր ունենք մեկ անձի իշխանություն: «Քաղաքացիական պայմանագիր» թիմը արդեն գոյություն չունի, որովհետև մարդկային այն համախումբը, որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ համարվել»,- ասաց նա:
Նա հավելեց, որ Աղազարյանի հետ նախաձեռնել են նոր քաղաքական ուժի ստեղծում, որի նպատակն է իրենց բազմամայա փորձը ծառայեցնել ի նպաստ ՀՀ պետականության կայացնանը և զարգացմանը: