Պանամայի ջրանցքը չի վերադառնա ԱՄՆ-ի սեփականությանը, քանի որ այն պատկանում է բացառապես Պանամային: Այս մասին, ինչպես գրում է Politico-ն, հայտարարել է այս երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեգնանքով է արձագանքել այս հայտարարությանը` տեղադրելով Պանամայի ջրանցքի լուսանկարը` «Բարի գալուստ Միացյալ Նահանգների ջրանցք» մակագրությամբ:
«1977 թվականի Տորիխոս-Քարթերի պայմանագրերը նախատեսում էին նախկին ջրանցքի գոտու լուծարում, Պանամայի ինքնիշխանության ճանաչում և ջրանցքի ամբողջական փոխանցում Պանամային: Որպես նախագահ, ուզում եմ հստակ ասել, որ Պանամայի ջրանցքի և դրա հարակից գոտու յուրաքանչյուր քառակուսի մետրը Պանամային է և այդպես էլ կմնա: Մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը սակարկելի չեն», – ասել է Մուլինոն՝ ընդգծելով, որ ջրանցքն իր երկրի պատմության անբաժանելի մասն է, և որ յուրաքանչյուր պանամացի «այն կրում է իր սրտում»:
«Դա մենք դեռ կտեսնենք», – արձագանքել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Թրամփը նախօրեին սպառնացել էր Պանամայի ջրանցքը վերադարձնել ԱՄՆ-ին: