Հայաստանի կառավարությունը նախատեսում է հաստատել քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետների էթիկայի կանոնները։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։ Նախագծի ընդունման նպատակն է ապահովել ոլորտի մասնագետների մասնագիտական վարքագծի բարձր չափանիշներ, կանխարգելել շահերի բախումներն ու խթանել արհեստավարժության մակարդակը։
Կանոնները նախատեսում են մասնագիտական պարտականությունների կատարումը բարեխղճորեն, հանրության, շրջակա միջավայրի և գործընկերների իրավունքների ու շահերի հանդեպ հարգանքը։ Դրանք կանդրադառնան մասնագետ-հասարակություն, մասնագետ-պետական մարմին, մասնագետ-գործընկեր և այլ հարաբերություններին։
Կառավարության նախաձեռնությունը բխում է 2021-2026 թթ. ծրագրից և միտված է կարգավորելու ոլորտի մասնագետների վարքագիծը՝ բարձրացնելով քաղաքաշինական գործունեության որակը և ապահովելով թափանցիկություն։ Էթիկայի կանոնները ներառում են պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ՝ մասնագետները պարտավոր են ապահովել նախագծերի անվտանգությունն ու հուսալիությունը, շրջակա միջավայրի պաշտպանություն՝ պարտադիր է էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների կիրարկումը, հասարակական շահերի պաշտպանություն՝ մասնագետները պարտավոր են իրենց գործողություններում առաջնահերթությունը տալ հանրության կարիքներին, կոռուպցիայի կանխարգելում՝ մասնագետներին արգելվում է ընդունել կամ տալ նվերներ, որոնք կարող են ազդել իրենց մասնագիտական գործունեության վրա։
Նախագիծը մշակվել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից և չի պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ։