ՌԴ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքում կամավորները լվանալով մաքրել են ավելի քան 970 թռչունի, որոնք մազութի մեջ էին ընկել Սև ծովի վրա նավթամթերքի տարածման հետևանքով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Անապայի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Փրկվել է 972 թռչուն, որոնցից 890-ն արդեն ուղարկվել է վերականգնման։

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ առաջին 150 փրկված թռչունները տեղափոխվել են Կրասնոդարի «Սաֆարի պարկ»։ Խոսքը տարբեր տեսակի սուզաբադերի մասին է։ Փետրավորների համար կենդանաբանական այգում կա հատուկ կարանտինային գոտի։ Աղտոտվածության հետևանքները վերացնելուց և վերականգնումից հետո թռչուններին բնակության համար բաց կթողնեն բնական միջավայր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկարարներն ու կամավորները Սևծովյան լողափերից հավաքել են մազութով աղտոտված ավելի քան 17 հազար տոննա բնահող և մաքրել ավելի քան 39,7 կմ առափնյա գիծ։ Նավթամթերքի արտահոսքի հետևանքների վերացման համար ներգրավվել է ավելի քան 10 հազար մարդ և 366 միավոր տեխնիկա։

Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում աղետի են ենթարկվել մազութով բեռնված «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերը։ Անձնակազմի անդամներից մեկը զոհվել է, մյուսները տարհանվել են։ Արտակարգ պատահարի շրջանում վառելիքի տարածում է եղել: Նավթամթերքը դուրս է եկել ափ, աղտոտվածությունը ձգվել է 54 կմ։

Արտակարգ դրություն է մտցվել Տեմրյուկի շրջանի չորս բնակավայրերում և Անապայի մոտ գտնվող Բլագովեշչենսկայա մեծ ավանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել