Երեկ մասնակցել եմ կուսակցության նիստին, վարչությունն ինձ հրավիրել էր պարզաբանումներ տալու լսումների հետ կապված բոլորին հայտնի միջադեպի կապակցությամբ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նա նշել է, որ մասնակցել է նիստի այդ հատվածին, վարչության գործընկերները տվել են բազմաթիվ հարցեր, պարզաբանելու այս կամ այն դրվագը, որից հետո նա նշել է, որ դուրս է եկել նիստից, որովհետև վարչության անդամ չէ։

«Ոչ մի դժգոհություններ չունեին, բոլորն էլ շատ սիրալիր ձևով իմ հետ ճշտում էին, թե օրինակի համար ես ինչպես եղավ, որ պարոն Քյարամյանին դիմեցի արա բառով։ Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ պարոն Քյարամյանը հայտարարել է, որ ես այդ կեցվածքը ունեմ, որովհետև իմ որդու համար դիմել են իրեն և նմանատիպ հարցեր էլի»,- ասել է նա:

Աղազարյանը նշել է, որ իր օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա: «Ես տեղյակ չեմ, որոշում է կայացվել վարչության կողմից, թե չէ: Գործընթաց է դա, գնում է, կարգապահական վարույթ է, այդքան հեշտ չի, ասենք, մի անգամ մեկին լսելով որոշում կայացնել»,- ասել է նա:

Դիտարկմանը՝ եթե Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դրեց, իրենից էլ դա կպահանջեն, նա պատասխանեց. «Դա ենթադրություն է, իհարկե, բայց դե պարտադիր չի։ Երբ որ ներկայացվի նման պահանջ, այդ ժամանակ կմտածենք։ Հնարավոր է, որ դնեմ։ Եթե, օրինակ, պարոն Քյարամյանը, ինչպես ես հայտարարել եմ հրապարակավ անուններ տա և հիմնավորի, որ այդ մարդիկ իմ անունից դիմել են իրեն խնդրանքով, իմ որդու մասնակցությամբ ընկերության հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, ապա ես կդնեմ իմ մանդատը, ես դա հայտարարել եմ։ Իսկ եթե չհրապարակի, ուրեմն առիթ չկա»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ իր համար անակնկալ է եղել Զեյնալյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը: «Պատճառների մասին չգիտեմ, բայց բնականաբար անակնկալ է, որ Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահը մանդատը վայր է դնում, բնականաբար դա անակնկալ է։ Չնայած ինքը բերել էր ինչ-որ պարզաբանումներ, հիմնավորումներ, բայց այդուհանդերձ բնականաբար անակնկալ է, ինչպես ցանկացածի համար»,- ասել է նա:

Պարոն Աղազարյան, հիմա արձանագրում ենք, որ ձեր օրակարգում մանդատը վայր դնելու հարց չկա։ 

Աղազարյանը նաև նշեց, որ վարչությունը չի կարող ասել, մանդատդ վայր դիր, այդպիսի լիազորություն չունի: «Վարչությունը այդպիսի բան ասելու լիազորություն չունի, թե պարոն Աղազարյան Ձեր մանդատը վայր դրեք։ Կարող է հորդորել՝ պարոն Աղազարյան, հորդորում ենք, որ Ձեր մանդատը վայր դրեք։ Նման հորդոր եթե լինի, այդ ժամանակ կպատասխանեմ, վստահաբար չեմ կարող ասել կլինի, թե՝ ոչ»,- ասել է պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել