«ԵՄ-ից Երևան պատվիրակություն է ժամանել ՀՀ-ի հետ վիզային արտոնագրերի ազատականացման բանակցությունների ծրագրի մշակման համար»,- այս մասին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, տարին աննախադեպ էր Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի առաջմղման տեսանկյունից։

Ըստ Հովհաննիսյանի, տարբեր ոլորտներում գրանցվել են բազմաթիվ ձեռքբերումներ, այդ թվում՝ արդարադատության ոլորտում։

«Օրինակ, վավերացվեցին Հայաստան-Եվրոպոլ և Հայաստան-Եվրոջասթ պայմանագրերը, հուլիսին երկու կարևոր որոշումներ ընդունվեցին՝ արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկեց և Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին անվտանգություն տրամադրելու վերաբերյալ որոշում կայացվեց»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ սկսվել է երկխոսություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եվրոպական վիզաների ազատականացման վերաբերյալ։ «Եվրամիության պատվիրակությունն այս օրերին՝ նոյեմբերի 5-6-ին, Երևանում է, որպեսզի մշակենք համապատասխան բանակցությունների ծրագիրը»,- ասել է Հովհաննիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել