ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 1-ին Ձորաղբյուր գյուղում «Opel» և «ԻԺ» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթար-հրդեհից նույն օրը մահացածի և հիվանդանոց տեղափոխված, մեկ օր անց այնտեղ մահացածի ինքնությունը։ 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ «Opel»-ը  վարել է Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա  Թաթուլ Ղահրամանյանը, ով նույն օրը՝ հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց, մահացել է, իսկ «ԻԺ» մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 47-ամյա Արտուշ Այվազյանը։ Վերջինը, հաջորդ օրը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է։
Նոյեմբերի 1-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում՝ Ձորաղբյուրի ամառանոցների Նորավան թաղամասի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել էին «Opel Astra» մակնիշի և «ԻԺ» (բուդկա Մոսկվիչ) մակնիշի ավտոմեքենաները։Բախման հետևանքով «Opel Astra»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հայտնվել բնակչի շինության քարե պարսպի տակ և բռնկվել։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել