Նիգերիայի հակակոռուպցիոն գործակալությունը հանել է փողերի լվացման գործով մեղադրանքները Binance թվային արժույթի փոխանակման բորսայի թոփ մենեջեր Տիգրան Ղամբարյանի դեմ՝ ութ ամսվա կալանավորումից հետո նրան ազատ արձակելով բանտից, հայտնում է bbc.com-ը:
ԱՄՆ քաղաքացի Տիգրան Ղամբարյանը ձերբակալվել էր փետրվարին Նիգերիա գործուղման ժամանակ, և ավելի ուշ նրան և Binance-ին մեղադրանք էր առաջադրվել 35,4 միլիոն դոլարի լվացման համար, ինչը նրանք հերքել են:
40-ամյա տղամարդը ղեկավարում էր ֆինանսական հանցագործությունների վերահսկման բաժինն աշխարհի ամենամեծ կրիպտո բորսայում, որին Նիգերիան մեղադրում է իր վերջին տնտեսական ցնցումների մեծ մասի համար:
Նիգերիան թվային հարթակին, որտեղ ներդրողները կարող են գնել, վաճառել և առևտուր անել կրիպտոարժույթներով, մեղադրում է փոխարժեքների և արժույթի սպեկուլյացիաների ֆիքսման համար, որոնք հանգեցրել են տեղական արժույթի ազատ անկմանը:
Ինչ վերաբերում է Ղամբարյանին, ապա նրա ազատ արձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղի դատախազները հանել են նրա դեմ մեղադրանքները՝ վկայակոչելով միջազգային և դիվանագիտական պատճառները:
ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհակալություն է հայտնել Նիգերիային իր քաղաքացուն ազատ արձակելու համար:
«Միացյալ Նահանգները շնորհակալություն է հայտնում Նիգերիայի կառավարությանն ԱՄՆ քաղաքացի Տիգրան Ղամբարյանին բժշկական հիմքերով ազատ արձակելու համար՝ թույլ տալով նրան վերադառնալ ԱՄՆ՝ ստանալու իրեն անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնությունը», - ասվում է հաղորդագրությունում:
Ղամբարյանի դեմ մեղադրանքները պաշտոնապես հանվել են Աբուջայի դատարանում, և Նիգերիայի տնտեսական և ֆինանսական հանցագործությունների հանձնաժողովի դատախազն ասել է, որ գործն ավելի շատ առնչվում է Binance Holdings Limited-ի՝ Ղամբարյանի գործատուի, քան անձամբ նրա հետ: Ազատ արձակվելուց հետո Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգն ասել է, որ թեթևացում է զգում: Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անխոնջ աշխատել են Ղամբարյանի ազատ արձակման համար։