Միջազգային հանցագործությունների հետ կապված Փորձաքննությունների ազգային բյուրոյի կատարած աշխատանքն ակնառու է եղել: Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ միջազգային հանցագործությունների դեմ պայքարը ժամանակակից մարտահրավերներից է, և իրավապաշտպանական համայնքի խնդիրն է ներկայացնել հանցագործություններից տուժած անձանց իրավունքները միջազգային ատյաններում:

«Այս ատյաններում ներկայացվում են եզրակացություններ, որոնց նպատակը միջազգային հանրության շրջանում տեսակետ ձևավորելն է, որ կոնֆլիկտների ընթացքում չեն կատարվել հանցագործություններ, բացակայել են բռնությունները: Մենք, ցավոք, ականատես ենք եղել այնպիսի արատավոր պրակտիկայի, երբ միջազգային ատյաններում, ինչպիսին ՄԻԵԴ-ն է, պատասխանող պետությունը՝ Ադրբեջանը, ներկայացրել է կեղծ եզրակացություններ»,- ասաց նա:

Սահակյանը նշեց, որ սա այն մարտահրավերներից է, որի հաղթահարումը պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում:

«Բյուրոյի աշխատակիցների պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում իրականացված փորձաքննությունների միջոցով մենք հաջողությամբ կարողացել ենք դուրս բերել եղելությունը:
Այդ փորձաքննությունները եղել են մրցունակ, միջազգային հարթակներում դեր են խաղացել և շարունակում են դեր խաղալ հայկական փաստարկները հիմնավորելու, իրականությունը հաստատելու և միջազգային արդարադատությանը նպաստ բերելու համար»,- հայտարարեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել