Երևանի ավագանին այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի իր նիստում վաղաժամկետ դադարեցրեց Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները՝ բացակայությունների հիմքով:
Ընդդիմության մի մասը բոյկոտեց և չմասնակցեց քվեարկությանը։
Ավելի վաղ վաղաժամկետ դադարեցվել էր Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի լիազորությունները։
Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը ներկայացրեց իրենց խմբակցության անդամ Անուշ Գինոսյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ Գինոսյանը բացակայել է 2024 թվականի փետրվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Երևանի ավագանու նիստերի քվեարկությունների կեսից ավելիից. 29 քվեարկություններից 16-ին ներկա չի եղել։
Ավագյանը դիմեց իր խմբակցության անդամներին․ «Ես լսել եմ՝ ինչ շանտաժներ է եղել, կասեմ՝ «երկու վախը մի մահ է», այսքան ժամանակ եղել եք տարբեր ճնշումների տակ բոլորդ»։
Գինոսյանը, ելույթ ունենալով, ասաց, որ ինքը Երևանի ավագանու անդամների շարքում հայտնվել է Վարդան Ղուկասյանի կամքով, կամակատարը եղել է Վահան Ավագյանը։