Սահմանների բացումը բխում է 2 երկրների ու ժողովուրդների շահերից, հուսով եմ, որ դա շուտափույթ կերպով տեղի կունենա:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ի հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք չէ և, ընդհանրապես, երբ խոսքը գնում է խաղաղության մասին, չի կարող խաղաղությունը լինել պարտադրված, եթե բալանսի խախտում տեղի ունեցավ, դա չի կարող լինել երկարաժամկետ խաղաղություն:
Հարցին՝ սահմանզատում ենք անցկացրել Կիրանցի հատվածում, մենք հողեր ենք տվել, իսկ ի՞նչ է վերադարձրել Ադրբեջանը, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ սահմանազատման գործընթացի ամբողջ իմաստն այն է, որ ՀՀ-ին պատկանող տարածքները վերադարձվեն Հայաստանին, Ադրբեջանինն՝ Ադրբեջանին:
Նա ասաց, որ այս փուլում չի ուզում մեկնաբանել, որովհետև չի կարծում, որ դա նպաստելու է ամբողջական դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին:
«Մենք հիմա մի գործընթաց ենք սկսել, որն ունի սկիզբ և ավարտ: Սկզբի երեք տոկոսն անցել ենք արդեն, այդ երեք տոկոսն ուզում եք ամբողջական ներկայացնել: Չեք կարող դա ներկայացնել, որովհետև գործընթացը պետք է ներկայացվի 100 տոկոս: Ես ձեզ ասում եմ՝ հարյուր տոկոս իրականացնելու դեպքում հայկական բոլոր տարածքները հետ են վերադարձվելու Հայաստանին, ադրբեջանական բոլոր տարածքներն՝ Ադրբեջանին»,- շեշտեց նա: