Tert.am-ը գրում է.

Օգտվելով ժամանցային կայքերից՝ ֆիլմ, մուլտֆիլմ կամ սերիալ նայելիս, հայաստանցիները անուղղակիորեն բախվում են օտարերկրյա չլիցենզավորված խաղային կայքերի գովազդին։ Ընդ որում, այդ խաղային կայքերը չեն վերահսկվում ՀՀ կառավարության կողմից և հարկեր չեն վճարում։
«Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է արգելել օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության ներթափանցումը Հայաստան, ինչպես նաև այդ ընկերությունների գովազդը Հայաստանի Հանրապետության տարածքում։

Tert.am-ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այդ գովազդներից ամբողջովին խուսափել հնարավոր չէ, թեև կան որոշակի գործիքներ դրանց ծավալը նվազեցնելու համար։

«Մարդիկ այդ գովազդը տեսնում են մի պարզ պատճառով՝ նրանք օգտվում են «պիրատական» կայքերից, որտեղ ցուցադրվում են, այսպես կոչված, գողացված ֆիլմեր, և գովազդը այդ ֆիլմերը անվճար նայելու վճարն է։ Պետությունը այստեղ ոչինչ անել չի կարող։ Քաղաքացիները իրենք կարող են մի փոքր փոխել իրավիճակը՝ կիրառելով արգելափակող ծրագրեր, օրինակ՝ AD blocke-ը։ Այս դեպքում գովազդների մի մասը քաղաքացին չի տեսնի, թեև այդ գովազդներից ամբողջովին խուսափել հնարավոր չէ։ Եթե մարդը ցանկանում է առհասարակ գովազդներ չտեսնել, պետք է օգտվի վճարովի հարթակներից», – ասաց Մարտիրոսյանը։ 

Այս օրենքի նախագիծը 2024 թվականի փետրվարի 21-ին Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը։

Tert.am-ին Պետական եկամուտների կոմիտեից հայտնեցին, որ նշված սահմանափակումների կիրառումը հնարավորություն կընձեռի, որպեսզի էապես դժվարանա և ոչ գրավիչ դառնա ՀՀ-ում չլիցենզավորված, ՀՀ պետական բյուջե հարկեր չվճարող ընկերությունների գովազդը։ Այս օրենքը նաև կպաշտպանի ՀՀ քաղաքացիներին՝ չլիցենզավորված օտարերկրյա խաղային կայքերից։
«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի ընդունման արդյունքում խաղային գործունեության կազմակերպում կարող են իրականացնել բացառապես «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված համապատասխանության սերտիֆիկատ ունեցող ընկերությունները։ Միջազգային չափորոշիչներին համապատասխան սերտիֆիկատ ունեցող խաղային արտադրանքներով խաղային գործունեության կազմակերպումն այդ ընկերություններին մրցունակ կդարձնի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, այլ նաև միջազգային շուկայում», – նշված է ՊԵԿ-ի պատասխան նամակում։

Նշենք, որ գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 15-րդ կետով չնախատեսված միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում գովազդատու և գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները կրում են վարչական պատասխանատվություն:

Օրենքի նախագիծը ներկայացնելիս նախագծի զեկուցողներն ընդգծել են, որ նախատեսվում է IP հասցեների բլոկավորում։ Դրա անհնարինության դեպքում նաև Կենտրոնական բանկը պարտավոր է հսկողություն սահմանել, որ առևտրային բանկերի կողմից արտասահմանյան խաղային ոլորտի կազմակերպիչներին պատկանող հաշվեհամարներին փոխանցումներն արգելափակվի: 

«Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը դեռևս 2-րդ ընթերցմամբ պետք է ընդունվի ԱԺ–ի կողմից, բայց օտարերկրյա, Հայաստանում չլիցենզավորված կայքերի արգելքի մասին մեկ այլ օրենք արդեն ընդունվել է Ազգային Ժողովի կողմից:

Հայաստանի Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ու 2024 թվականի մարտի 20-ին ընդունված «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» և «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերում նույնպես սահմանվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերը Հայաստանում արգելելու կարգը: Այս փոփոխությունները ուժի մեջ են մտնելու արդեն հոկտեմբերի 8-ից: Այսպիսով` Հայաստանում բավականին ուժեղ օրենսդրական հիմքեր են ստեղծվել ոչ օրինական ինտերնետ շահումով խաղերի գործունեությունը սահմանափակելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել