Մոսկվայի քաղաքապետի ընտրություններն ավարտվեցին:
Չնայած պաշտոնական թվերը «հաղթանակ նկարեցին» իշխանության թեկնածու Սերգեյ Սոբյանինի համար, այնուամենայնիվ` իրական պատկերը վկայում է այն մասին, որ Պուտինը եւ նրա թիմը կորցել են ռուսաստանցիների աջակցությունը:
Խոսենք փաստերով.
-պաշտոնական տվյալներով` ընտրություններին մասնակցել է դրա իրավունքն ունեցող քաղաքացիների 33,23%-ը: Իրականում` իրազեկ աղբյուրները պնդում են, որ մասնակցությունը չի գերազանցել 25%-ը, իսկ թիվն ուռճացվել է շրջիկ քվեատուփերի մեխանիզմի միջոցով` իշխանության թեկնածուի հաղթանակն ընտրություններում ապահովելու համար: Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ պաշտոնական թվերը ճիշտ են, ընտրությունների լեգիտիմությունը դառնում է խիստ կասկածելի` ընտրողների տոտալ բոյկոտի պարագայում.
-մասնակցության ցածր ցուցանիշը վկայում է, որ մոսկվացիները չեն հավատում ընտրական ինստիտուտներին, չեն վստահում Պուտինին ու նրա դրածոներին, բայց նաեւ հույս չունեն, որ ընդդիմությունը կարող է իշխանություն փոխել` ընտրությունների ճանապարհով,
-իշխանությունը վախենում է ընտրությունների երկրորդ փուլից` զգուշանալով, որ երեկ, պաշտոնական թվերով, 27,24% ստացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին իրականում հավաքել է մոտ 40%, եւ երկրորդ փուլի պարագայում` նրա հաղթանակը կարող է անխուսափելի լինել,
-Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները կարող են հետընտրական զարգացումների տեղիք տալ, որովհետեւ Նավալնին չի ճանաչել դրանց արդյունքները եւ իր կողմնակիցներին հրավիրել է հանրահավաքի:
Եվրասիականության հայաստանյան ջատագովներին տեղեկացնեմ, որ նրանք, գեղեցիկ խոսքերի հետեւում, հենց այսպիսի ավտորիտար հեռանկար են հրամցնում մեր երկրին եւ հասարակությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել