Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանի և մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռուստամ Զորաբյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են 1-ին վաշտի պարեկներ Գարիկ Կարապետյանն ու Արման Կարապետյանը։

Տեղում պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել։

Այս պահին փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի Երևանից դեպքի վայր ժամանեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ջրասուզակը։

Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել