Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Ալափարս գյուղի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, և Չարենցավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են հիվանդանոց։

Բժիշկները վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ա․ Մարտիրոսյանը ու Ա․ Ասատրյանը։

Օպերատիվ են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արթուր Իսկանդարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունները։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել