Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով:

Հայաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո նախագահ Բայդեն,

Պետությունների հարգարժան առաջնորդներ,

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար պատիվ ու հաճույք է Հայաստանի Հանրապետության անունից ելույթ ունենալ Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին։

Չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։

Դրա արդյունքում մեր երկիրը բարելավել է իր դիրքերը համաշխարհային տարբեր վարկանիշներում։ Freedom House-ը Հայաստանին դասել է որպես «ազատ» երկիր «Ինտերնետի ազատության» իր տարեկան զեկույցում: Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից հրապարակված 2022 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքերը 12 կետով։ Անցած տարի Հայաստանը 7 կետով բարելավել է իր դիրքերը Economist Intelligence Unit-ի կողմից հրապարակված ժողովրդավարության ինդեքսում։

Հայաստանի կառավարությունը շարունակում է պայքարել կլիմայի փոփոխության դեմ՝ ցածր արտանետումներով էներգետիկ ոլորտ և կենսունակ կանաչ տնտեսություն կառուցելու համար: Մենք առաջընթաց ենք գրանցել «Energy Trilemma Index 2021» էներգետիկական միջազգային վարկանիշում՝՝ զբաղեցնելով 53-րդ տեղը 127 երկրների շարքում։

Մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը զուգընթաց, մենք 2022 թվականի սեպտեմբերին ստիպված էինք բախվել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ագրեսիայի, ինչը հանգեցրեց Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացմանը։

Դեռևս սեպտեմբերին մենք զգացինք ժողովրդավարական երկրների միասնականությունը և նրանց կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը։ Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգներին և մյուս գործընկերներին, որոնք դիվանագիտական միջոցներով օգնեցին մեզ կասեցնել հետագա ներխուժումը։

Հայաստանը խստորեն դատապարտում է մարդու իրավունքների խախտումներն ամբողջ աշխարհում, և մենք շատ բան պետք է անենք միասին՝ կանխելու ցեղասպանությունները, էթնիկ զտումները և վայրագությունները: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ծառացած հումանիտար ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է։ Եվ մենք չենք կարող աչք փակել դրա վրա։ Միևնույն ժամանակ, ես կրկնում եմ, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի, և որ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը կօգնի մեզ գտնել ճանապարհ դեպի խաղաղություն։

Տիկնայք և պարոնայք,

Ժողովրդավարությունը շարունակական աշխատանք է, և մենք կշարունակենք ստանձնել նոր պարտավորություններ՝ Հայաստանի համար նոր նշաձող սահմանելով համաշխարհային ժողովրդավարական վարկանիշային աղյուսակում։

Ես հավատում եմ ժողովրդավարության ուժին՝ հանուն խաղաղության, հանուն ազատության, հանուն երջանկության։

Շնորհակալություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել