Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 28-ից մարտի 2-ը պետական այց կկատարի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:    

«Այս այցը կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության երկարամյա կուրսի շարունակությունը։ 2022 թվականի սեպտեմբերին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման ժամանակ Բելառուսի եւ Չինաստանի ղեկավարները համատեղ հռչակագիր ընդունեցին հարաբերությունները նոր մակարդակի բերելու մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հարաբերություններում ձեռք բերված նոր մակարդակի ներուժի վերլուծությունը եւ գործնականում առավելագույն իրացումը կդառնան պետությունների ղեկավարների քննարկման առարկա։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցություններ կանցկացնեն նեղ եւ ընդլայնված կազմով: Ուշադրության կենտրոնում կլինեն առեւտրատնտեսական, ներդրումային եւ հումանիտար համագործակցության զարգացման, համատեղ մասշտաբային նախագծերի իրականացման, քաղաքական ոլորտում փոխգործակցության, ժամանակակից միջազգային իրադրության առավել սուր մարտահրավերներին արձագանքելու հարցերը:

Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքում կստորագրվի առանցքային ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի մեծ փաթեթ:

Նախատեսվում է, որ Պեկինում Ալեքսանդր Լուկաշենկոն նաեւ մի շարք հանդիպումներ կունենա ՉԺՀ բարձրաստիճան պաշտոնյաների, չինական առաջատար կորպորացիաների ղեկավարության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել