22 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հիմք ընդունելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, հանրաքվեի միջոցով ԼՂ-ն հռչակեց անկախ պետություն:
Հատկանշական է, որ մինչև Ադրբեջանի Հանրապետության միջազգային ճանաչումը (իսկ ՄԱԿ-ի անդամ Ադրբեջանը դարձել է միայն 1992թ. մարտ ամսին) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն հռչակել էր իր անկախությանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբևէ իրավականորեն չի հանդիսացել Ադրբեջանի «Անկախ» Հանրապետության մաս, քանի որ դեռևս 1989թ.` ԽՍՀՄ կառավարման օրոք, ԼՂ-ին տրվեց հատուկ կարգավիճակ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որն անկախ կառավարում էր իրականացնում Խորհրդային Ադրբեջանից:
Սա էր պատճառը, որ 1991թ. Ադրբեջանն իր անկախությունը հռչակեց առանց ԼՂ-ի և Նախիջևանի: Այլ կերպ չէր էլ կարող, որովհետև բացակայում էին դրա համար իրավական բոլոր հիմքերը:
Ցավալի է, բայց փաստ՝ իրավական բոլոր հարթություններում ԼՂՀ-ն, չունենալով որևէ խնդիր, դարձավ ադրբեջանական ագրեսիայի զոհ և ենթարկվեց ռազմական հարձակման՝ հարձակում, որն Ադրբեջանի համար ավարտվեց կատարյալ ջախջախումով և հրադադարի խնդրանքով:
Շնորհավորում եմ Արցախի ժողովրդին և մեզ բոլորիս` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մեր ազգը, հավատարիմ մնալով իր փառավոր պատմությանը, աշխարհին կրկին ցույց տվեց իր անկոտրում կամքը. երբեք չնահանջելու և հանուն հայրենիքի մարտնչելու մեծ ու սրբազան գործին անմնացորդ նվիրվելու իր տեսակը:
Հերոսների թափված արյան գնով պահպանվեցին արդարությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը՝ ապրելու ազատ, ինքնիշխան և անկախ պետությունում: