Yerkir.am-ը գրում է․

«Մենք հյուրընկալ ազգ ենք, ո՞նց կարանք չհյուրընկալենք ադրբեջանցիներին․․․ ի՞նչ հյուրընկալության մասին է խոսքը, նման օրակարգ չպետք է լիներ։ Ո՞նց կարող է զինվորը սահմանին՝ նրանց գլխավերևով թուրքը գա, մտնի Հայաստան ընդհանրապես»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է 44-օրյա պետերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ով մասնակցում էր բողոքի ակցիային Մարզահամերգային համալիրի առջև, որտեղ տեղի են ունենում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը՝ ադրբեջանցի երկու պատգամավորի մասնակցությամբ։

«Բա մի հատ էլ տարեք Եռաբլուր, ման տվեք։ Շատ հյուրասեր ազգ ենք մենք։ Չեմ ընդունում, ես իմ երեխու արյունը չեմ վաճառում, իսկ ովքեր էլ որ ուրախանում են, որ թուրքերը սահմանը բացելու են, պետք է առևտուր անեն, գումար է մտնելու Հայաստան, ես հավատացած եմ՝ մինչև իրենց երեխաներին ու թոռներին մորթած ափսեով չմատուցեն իրենց՝ չեն հասկանալու։

Այս ցավը զգում են իմ բախտակիցները։ Ուրիշ որևէ մեկը մեզ չի հասկանում»,-ասել է զոհվածի մայրը։

Ա. Գալեյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է այսօրվա պայմաններում խոսել խաղաղության օրակարգի մասին. «Երբ նայում եք Եռաբլուրին, Հայաստանի ու Արցախի պանթեոններին, խաղաղության օրակարգ է սա՞։ Ոչ։ Ինչպես իրենց ձեռք է տալիս, այնպես էլ անում են։ Հայաստանի գործող կառավարությունը, ոչ բարով կառավարությունը, թքել է մեր հոգիների մեջ»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել