Yerkir.am-ը գրում է.
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ պատերազմի օրերին Վանաձորի հանրակրթական ուսումնական հաստատություններից հավաքվել է գումար՝ Ռուսաստանից զրահաբաճկոններ և սաղավարտներ գնելու համար: Փողի հավաքման նախաձեռնողը եղել է Լոռու մարզպետարանը: Ընդ որում՝ դպրոցներին հրահանգվել է գումարը ներկայացնել ՌԴ ռուբլու տեսքով՝ պատճառաբանելով, թե այն միանգամից ռուբլիով փոխանցվելու է ՌԴ: Դպրոցները պահանջել են գումարի հանձնման ստացական, սակայն մարզպետարանից ոչինչ չեն տվել:
Հրապարակումից հետո Yerkir.am-ի խմբագրությունը Լոռու մարզի այլ շրջաններից տեղեկություններ ստացավ, որ Լոռու մարզպետարանը գումար է հավաքել ոչ միայն Վանաձորի դպրոցներից, այլև ամբողջ Լոռու մարզից: Հայտնել էինք, որ նշված գումարի հավաքման հրահանգն իջեցվել է զանգահարելու միջոցով, ընդ որում՝ բոլորին զանգել են բացառապես «WhatsApp» համակարգի միջոցով:
Քանի որ Լոռու մարզպետարանից կտրուկ հրաժարվեցին բանավոր բացատրություն տալ, Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Լոռու մարզպետարան՝ պարզաբանում ստանալու՝ մինչ օրս Լոռու մարզպետարանի կողմից ինչո՞ւ չի հրապարակվել պատերազմի օրերին Ռուսաստանից զրահաբաճկոններ և սաղավարտներ գնելու նպատակով Վանաձորի հանրակրթական ուսումնական հաստատություններից ՌԴ ռուբլիով հավաքված գումարի ծախսման մասին հաշվետվությունը, և ե՞րբ է հրապարակվելու այն:
Պատասխանն առավել քան ապշեցուցիչ էր՝ տեղեկատվությունը չի կարող ներկայացվել, քանի որ այն պարունակում է պետական գաղտնիք: Փաստորեն, եթե հանկարծ հայ հասարակությունն իմանա, թե ինչ են արել հավաքած փողերը, Ադրբեջանը կարող է նոր պատերազմ սանձազերծել…
Սիրելի՛ ընթերցող, անշուշտ, մենք կարող էինք լրջորեն վերլուծել այս գրությունը՝ առարկելով, որ դպրոցներում ապօրինի դրամահավաքը, դրամական շորթումը, որի իրական անունը կոռուպցիա է և խարդախություն, ընդ որում` քրեորեն պատժելի խարդախություն, չի կարող լինել պետական գաղտնիք և այլն։ Բայց պարզապես տեղադրում ենք այս պատասխանի պատճենը, որպեսզի հասկանաք, թե ինչպիսի պարզունակությամբ մարդիկ կարող են հասարակությանը հիմարի տեղ դնել՝ կարծելով, թե ոչ ոք չի հասկանում, որ պարզապես թաքցնում են ժողովրդի փողերը լափելու փաստը։
Իսկ դրա պատասխանը տալու են իշխանափոխությունից հետո։ Պատերազմի օրոք օգնությունները լափածները ենթարկվելու են խստագույն պատժի։ Դրան մենք անպայման հետամուտ ենք լինելու։
Ինչպես կասեր լափամանից գերագույն գլխավոր օգտվողը՝ «ՉԵՔ ՊԼՍՏԱԼՈՒ, ՉԵՔ ՊԼՍՏԱԼՈՒ»։