Yerkir.am-ը գրում է.

Yerkir.am-ը տեղեկացավ, որ օրերս արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հրամանով ԱԳՆ համակարգից ազատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրայր Կարապետյանը: Նա գլխավոր հյուպատոսի պաշտոնից հետ էր կանչվել 2019 թվականի հուլիսից:

Հիշեցնենք, որ Հրայր Կարապետյանի դիվանագիտական  առաքելության ընթացքում Սանկտ Պետերբուրգում կառուցվեց և համայնքի ուժերով կահավորվեց գլխավոր հյուպատոսության նոր շենքը, Սանկտ Պետերբուրգում տեղադրվեց  Կոմիտաս վարդապետի արձանը, ստեղծվեցին երկկողմ կապեր ՌԴ մի շարք նահանգների և ՀՀ մարզերի միջև և այլն:

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած դերի համար Հրայր Կարապետյանը պարգևատրվել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի, ԱՊՀ և ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի մի շարք մեդալներով և շքանշաններով, արժանացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ արտգործնախարարության և Սանկտ Պետերբուրգի կառավարության պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Վերջին շրջանում Հրայր Կարապետյանը սուր քննադատությամբ էր հանդես գալիս ՀՀ կառավարության ու վարչապետի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ, հատկապես մատնանշվում էին հայ-ռուսական հարաբերություններում թույլ տրված կոպիտ սխալները: ՀՀ մի շարք դիվանագետների հետ Հրայր Կարապետյանը նույնպես միացել էր այն հայտարարությանը, որով պահանջվում էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել