Հայաստանի Կոմկուսի գործիչ, հայ ժողովրդի մեծ նվիրյալ:
Ծնվել է Վանում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Ավարտել է Երևանի թեմական դպրոցը և Էջմիածնի ճեմարանը: 1919թ. Ղ. Ղուկասյանի և Ա. Բուդաղյանի հետ հիմնադրել է «Սպարտակ» երիտասարդ կոմունիստների կազմակերպությունը: Նրանց ջանքերով լույս է տեսել «Սպարտակ» ընդհատակյա թերթը: Նույն թվականին ձերբակալվել է: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ընտրվել է ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի քարտուղար: 1921թ. գործուղվել է Մոսկվա` Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանում ուսանելու:
1922-1928թթ. կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել Լենինգրադում: 1928թ. ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ ուղարկվել է Հայաստան, ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի երկրորդ, իսկ 1930թ. մայիսից `առաջին քարտուղար:
1936թ. հուլիսի 9-ին Ա. Խանջյանը զոհ դարձավ Բերիայի չարանենգ մեքենայություններին:
«...Նրա ղեկավարության տարիներին ստեղծվեցին Երևանի պոլիտեխնիկական, անասնաբուժական-անասնաբուծական, մանկավարժական, բժշկական ինստիտուտները: Նա լայն գործունեություն էր ծավալել հանրապետությունում գիտության, կրթության և մշակույթի զարգացման և նոր կադրերի պատրաստման բնագավառում... Նա օրեր ու գիշերներ է անցկացրել Երևանի առաջին նախագծերի մոտ, ճարտարապետ Ա. Թամանյանի արվեստանոցում, մտորել այսօրվա Երևանի մասին...Դյուրին գործ չէր, 30-ական թվականների հախուռն վերընթացին զուգընթաց, կառուցել ներկա Օպերայի թատրոնը` ազգային ճարտարապետության հոյակապ կոթողներից մեկը... մինչ այդ չեղած ծավալով զարգացնել խորհրդահայ մամուլն ու հրատարակչական գործը...»: Ջոն Կիրակոսյան
«Կանցնեն շատ ժամանակներ, բայց սերունդների հիշողությունից երբեք չի ջնջվի թանկագին կերպարն այն մարդու, ով ամբողջովին, առանց մնացորդի նվիրվեց ժողովրդի երջանկության գործին…»: Հրաչիկ Սիմոնյան
«Օր մը անշուշտ, անաչառ ու իրազեկ հայ գրագետ մը պիտի շարադրե, մանրամասն ու ճշգրիտ կենսագրությունը այդ տաղանդավոր ու բազմարդյուն գործիչին, որ ունեցավ գեղեցիկ կյանք մը և ողբերգական, մռայլ վախճան մը, և որուն անունը հայ ցեղի պատմության մեջ պիտի մնա անջինջ ժողովրդին լավագույն ծառայողներու լուսավոր անուններուն առաջին գծին վրա»: Արշակ Չոպանյան, 1936թ., Փարիզ։ 
Ե. Չարենցը «Դոֆին Նաիրական» սոնետների շարքը նվիրել է Աղասի Խանջյանի հիշատակին, որ բանաստեղծը սկսել է գրել Ա. Խանջյանի դավադիր սպանությանը հաջորդած անքուն գիշերներին:
«Հերոսական մարդու և պայծառ բարեկամի`
Դոֆինյան քո դեմքը լուսագանգուր –
Չեմ մոռանա երբեք իմ երկրային կյանքում,
Օ՛, Աղասի, - ես դեռ կենդանի եմ քանի...»: 
                                                                                                      Ե. ՉԱՐԵՆՑ, 1936թ.
Աղասի Խանջյանը թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում: Մահարձանը դրվեց 1961թ.։ Նյութը՝ մարմար, գրանիտ, բարձրությունը 3 մ, քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան (տես` Մ. Նալբանդյանի արձանը), ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել