Zham.am-ը գրում է.
2018-ից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հասնելու է նրան, որ երկրում իրականանա տնտեսական հեղափոխություն: Որոշ ժամանակ անց նա դադարեց խոսել դրա մասին, իսկ կորոնավարակի տարածումից հետո հայտարարեց, որ այդպիսի հեղափոխություն այլևս հնարավոր չէ, քանզի կորոնավարակը էական փոփոխություններ մտցրեց իր ծրագրերի մեջ, որն նախատեսված չէր մինչ վարակի տարածումը:
Այսօր արդեն պարզ է, որ Փաշինյանը ոչ մի հեղափոխություն էլ չի կարող առաջարկել և ոչ միայն կորոնավարակի տարածման պատճառով:
Սակայն հանրության մի հատված նույնպես կարծում է, որ հենց վարակը կարող էր պատճառ դառնալ տնտեսական հեղափոխության իրագործման խափանման համար:
Այս ամենը փարատելու համար բերենք ընդամենը երկու օրինակ, թե ինչպես կարելի է ճգնաժամային պայմաններում անցկացնել իրական տնտեսական հեղափոխություն:
Օրինակ առաջին`
1998 թվականին, երբ Ռուսաստանում դեֆոլտ արձանագրվեց և մեկ օրվա ընթացքում ռուսական տարադրամը՝ ռուբլին, արժեզրկվեց ավելի քան երեք անգամ, շատերը համոզված էին, որ այդ ալիքը չէր կարող չշրջանցել նաև Հայաստանը: Մանավանդ, որ մեր երկիրը Ռուսաստանի հետ կապված էր բազմաթիվ թելերով:
Սակայն կատարվեց ճիշտ հակառակը: Օգտվելով այդ իրավիճակից, ՀՀ 2-րդ նախագահի ջանքերով Հայաստան «հրավիրվեց» ռուսական կապիտալը, նրանց տալով արտոնություններ: Արդյունքում մեր երկրում ոչ միայն ռուսական ճգնաժամի հետևանքները չզգացվեց, այլև այն խթան հանդիսացավ Հայաստանի տնտեսության թռիչքաձև զարգացման համար: Սկզբից Քոչարյանի ճիշտ հաշվարկված քայլերի արդյունքում, հետո Հայաստանի զարգացմանը գումարվեց նաև համաշխարհային տնտեսության զարգացման բարենպաստ կոնյուկտուրան:
Հետագա 10 տարիների ընթացքում Հայաստանում ոչ մի մակրոտնտեսական ճգնաժամ չգրանցվեց: Երկրի տնտեսության ծավալները մեծացավ մոտ վեց անգամ, բյուջեն՝ մոտ ութ անգամ, իսկ մարդկանց կենսամակարդակը աճեց ավելի քան հինգ անգամ:
Սա տնտեսական հեղափոխության իրականացման այն դասական օրինակն էր, որ կյանքի կոչվեց Հայաստանում, այն էլ առանց ավելնորդ խոստումների, կամ «2050 թվականների տեսլականների» ներկայացման:
Օրինակ երկրորդ
Ըստ ամերիկյան Bloomberg-ի՝ այս տարվա ընթացքում, երբ աշխարհով մեկ մոլեգնում է կորոնավարակը, Ռուսաստանը հացահատիկի արտահանման մասով տպավորիչ արդյունքներ է ցուցադրում:
Ըստ գործակալության՝ 1917-ից այս կողմ Ռուսաստանը հացահատիկ ներմուծում էր արտերկից, հիմնականում ԱՄՆ-ից և Կանադայից: Սակայն Պուտինի կառավարման վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանը հացահատիկ ներկրողից դարձավ խոշոր արտահանող երկիր: Դեռ ավելին՝ ռուսական իշխանությունների ջանքերի շնորհիվ, այսօր Ռուսաստանին է պատկանում համաշխարհային հացահատիկի վաճառքի շուկայի ավելի քան 20 տոկոսը:
Ռուսաստանը այս հարցում վաղուց առաջ է անցել ԱՄՆ-ից և Կանադայից: Այն երկրներից որոնք ընդամենը 30 տարի առաջ հացահատիկ էին վաճառում նույն Ռուսաստանին:
Իսկ այս տարվա ընթացքում, ըստ Bloomberg-ի ռուսական հացահատիկն արդեն պահանջարկ ունի ավելի քան 100 երկրներում: Ընդվորում, վաճառքի ծավալները աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Օրինակ՝ Ալժիրը, ով ավանդաբար հացահատիկը գնում էր Ֆրանսիայից, այս տարի որոշեց ներմուծել ռուսականը, քանզի գին-որակ հարաբերակցությամբ ռուսական հացահատիկը մրցունակ է դարձել ֆրանսիականին, ամերիկյանին և նույնիսկ կանադականին:
Բրիտանական CRM AgriCommodities ընկերության տնօրեն Ջեյմս Բոուլսվորտի կարծիքով, ռուսները այս կորոնավարակի տարում սենսացիոն արդյունքների են հասել և նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում Ռուսաստանը կկարողանա արտահանել ռեկորդային՝ 37,5 մլն տոննայի հացահատիկ:
Հատկապես, երբ այս տարվանից ռուսներին հաջողվեց մտնել Ալժիրի, Տանզանիայի և Բրազիլիայի շուկաներ:
Հաջորդ տարի նախատեսվում է, որ ռուսները կսկսեն վաճառել նույնիսկ սաուդցիներին, ովքեր ավանդաբար ամերիկյան հացահատիկ են ներկրում:
Այսպիսով, ըստ արևմտյան փորձագետների, նավթի և գազի պահանջարկի անկումը չհանգեցրեց ռուսական տնտեսության կոլապսին, քանզի Պուտինի վարչակարգը գտավ տնտեսության լրացուցիչ ոլորտներ, որտեղ այդ երկիրը կարող է մրցունակ լինել համաշխարային շուկաներում:
Այսօր արդեն ռուսական հացահատիկը ավելի շատ եկամուտ է բերում իր երկրին, քան զենքի վաճառքի ոլորտը, որտեղ Ռուսաստանը երկրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո:
Սրանք այն օրինակներն են, թե ինչպես կարելի է հասնել հաջողության ճգնաժամի պայմաններում: Սակայն թե Պուտինի, թե Քոչարյանի պարագայում նշվարվում է մի օրինաչափություն, նրանք երկուսն էլ պոպուլիստներ չէին և իրենց ժողովուրդներին խոստանում ու կատարում էին իրատեսական ծրագրեր: Դրա համար էլ նրանք կարողացան իրենց երկրների կյանքում զգալի առաջխաղացում արձանագրել:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան