Zham.am-ը գրում է․
Մենք արդեն առիթ ունեցել էինք խոսելու Սերբիայում տիրող ծանր քաղաքական իրավիճակի մասին: Մի կողմից՝ հունիսին Սերբիայում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ՝ համաճարակի ընթացքում, իսկ մյուս կողմից՝ հուլիսին, նախագահը որոշեց խստացնել կարանտինային միջոցառումները և անգամ պարետային ժամ մտցնել Բելգրադում:
Իշխանությունների հակասական գործողությունները իրավացիորեն հարուցեցին ընդդիմության դժգոհությունը, որը սկսեց բողոքի ակցիաներ անցկացնել մայրաքաղաքում և պահանջել չեղյալ համարել խստացված կարանտինային միջոցառումները: Ընդդիմությունը նշում էր, որ կորոնավիրուսը սկսվեց օգտագործվել իշխանություններերի կողմից քաղաքական նպատակներով:
Ինչպես տեսնում եք, շատ երկրներում քաղաքական գործընթացները անցնում են նմանատիպ սցենարով, և բացառություն չենք նաև մենք. մի կողմից՝ կառավարությունը բացում է տնտեսական գործունեության մի մասի հնարավորությունը, բացում է հասարակական տրանսպորտի աշխատանքի հնարավորությունը, որտեղ մարդիկ չեն կարող պահել սոցիալական հեռավորությունը, մյուս կողմից՝ բողոքի ակցիաները արգելվում են և նույնիսկ շոու-բիզնեսի ներկայացուցիչները կարող են բերման ենթարկվել ոստիկանություն այն բանի համար, որ իրենք ուզում են իմանալ, թե ինչպես պահեն իրենց ընտանիքներին կորոնավիրուսի ժամանակ, երբ իրենք չեն ստանում աշխատելու հնարավորություն (Բայց բողոքի ցույցերը, անշուշտ, չի արգելվում, եթե դուք «իշխանությունների հաճախորդն եք» և իրականացնում եք հանրահավաքներ «պետպատվերի» շրջանակներում, եւ ձեր անունն է՝ Արման Բաբաջանյան): Միևնույն ժամանակ, կառավարությունն արտակարգ դրությունն օգտագործում է քաղաքական օրակարգ գեներացնելու, սահմանադրական փոփոխություններ իրականացնելու, ընդդիմությանը հետապնդելու եւ գույքահարկի դրույքաչափը փոփոխելու համար:
Սերբիայում նույնպես կառավարությունը սահմանափակեց քաղաքական պայքարի ինստիտուցիոնալ մեթոդները և ստիպեց մարդկանց դուրս գալ փողոց: Իշխանությունները իրենք դարձան քաղաքական լարվածության կատալիզատոր, և միայն հազարավոր մարդիկ, ովքեր դուրս եկան սերբական մայրաքաղաքի փողոցներ, ստիպեցին իշխանությանը «ետ քայլ անել», իսկ «Սերբիայի ազգային ճգնաժամային շտաբը» հրաժարվեց Բելգրադում պարետային ժամ մտցնելւո գաղափարից:
Տրամաբանական հարց է ծագում. Ի՞նչը մեր իշխանություններին, մեր կառավարությունը կստիպի չդիմել մանիպուլյացիաների՝ սահմանափակտլով բողոքելու իրավունքը կորոնավիրուսի քողի տակ:
Իշխանությունները ցանկացած երկրում պետք է հասկանան, որ հատկապես ճգնաժամի ժամանակաշրջանում, դառնալով «լարվածության կատալիզատոր», իրենք են գործընթացները դուրս բերում ինստիտուցիոնալ տրամաբանությունից, և վաղ թե ուշ բողոքի «թեժ կետերը» կարող են միավորվել, և առանց ապրուստի միջոցների մնացած մարդկանց զանգվածները կարող են փողոցը լցնել:
Իշխանությունը պետք է առանձնանա ռացիոնալ վերլուծելու ունակությամբ և գիտակցելու ունակությամբ, որ խնդիրների կուտակումը միշտ մեկ օր բերում է քաղաքական ֆորսմաժորի: Նախորդ իշխանությունները դա չէին հասկանում ՝ արդյո՞ք գործող իշխանությունները կհասկանան սա: Դա ցույց կտա շատ մոտակա ապագան: