Yerkir.am-ը գրում է․
«Փաստ է՝ վարչապետն ու մի շարք պատասխանատուներ ոչ միայն ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, այլ նաև այդ ձախողումները փորձում են բարդել բոլորի վրա, բացի իրենցից», - Yerkir.am-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Արթուր Վանեցյանը նշել է, որ վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնատար անձինք պետք է բացատրություն տան և պատասխանատվության կանչվեն երկրում ստեղծված վիճակի համար։
«Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմություն ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` հենց հիմա ստեղծել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, շատ արագ վարչապետին ու կառավարության պատասխանատուներին բերել խորհրդարան, քննել նրանց կողմից թույլ տրված գործողություններն ու անգործությունը և դրանց տալ քաղաքական անհրաժեշտ գնահատական, որոշ գործողությունների համար էլ հրատապ նախաձեռնել քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթաց»,-նշել է Վանեցյանը։
Արթուր Վանեցյանը կարևորել է բոլոր առողջ ուժերի համագործակցությունը։
Անդրադառնալով իր ղեկավարած կուսակցության և Դաշնակցության համագործակցության հեռանկարին՝ կուսակցության ղեկավարն ասել է. «Իմ կարծիքով, «Հայրենիք» և ՀՅ Դաշնակցություն կուսակցություններն ունեն համագործակցության օրակարգ, և դա բխում է մեր պետության կենսական և անվտանգության շահերից»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։