Արդեն երկրորդ օրն է՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ Ղարաբաղյան հարցի փուլային տարբերակի մասին, մեր իշխանությունների կողմից պաշտոնական հերքում չի ստանում:

Իսկ նրանց հերքումը կարևոր է նրանով, որ, Լավրովի խոսքով, ներկայումս կողմերը բանակցում են փուլային տարբերակի շուրջ, ինչն առաջին հերթին ենթադրում է Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում առանց Արցախի վերջնական կարգավիճակի որոշման…

Չնայած նրան, որ Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Լավրովի՝ Ղարաբաղյան հակամարտության մասին արված հայտարարություններին, սակայն վերջինս ոչ միայն փաստացի չհերքեց, այլ, ավելին, նրա կցկտուր պատասխաններն էլ ավելի շատ հարցեր առաջացրին:

Ամեն պատեհ-անպատեհ առիթով լայվ մտնող Փաշինյանը նույնպես լուռ է: Հարց է առաջանում, թե ո՞ւր է հող չհանձնողի իմիջ ստեղծած և իբրև թե նոր կետից բանակցությունները վերսկսած ՀՀ վարչապետը:

Վերջինս արդեն իսկ պետք է տված լիներ հետևյալ հարցերի պատասխանները.

1. Արդյոք Լավրովի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:

2. Եթե այո, ապա ինչո՞ւ է այսքան ժամանակ մեր կառավարությունը հանրությունից թաքցրել, որ բանակցային սեղանին առկա է փաստաթուղթ ու նման բովանդակությամբ:

3. Եթե Լավրովի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ապա ի՞նչն է դրդել Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի ԱԳ նախարարին հանդես գալ ադրբեջանամետ հայտարարությամբ՝ հղվելով նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին…

Հ.Գ. Սա այն կարևոր հարցերից է, որ ուրիշ որևէ մեկի հայտարարությունը ոչինչ չի տալու, անմիջապես վարչապետի պաշտոնական հայտարարությանն ենք սպասում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել