Operativ.am-ը գրում է.

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին նամակներ է ուղարկել Միջխորհրդարանական միության նախագահին եւ որոշ երկրների խորհրդարանների ղեկավարներին՝ կոչ անելով, որ միջազգային հանրությունը, կորոնավիրուսի տարածման հետ կապված, միջամտի իրանական ժողովրդի դեմ սահմանված պատժամիջոցները հանելու համար, հայտնում է Mehr-ը։

Լարիջանին նշել է, որ իրանական ժողովրդի դեմ ԱՄՆ-ի հակամարդասիրական պատժամիջոցները, այդ թվում բժշկական, դեղագործական եւ լաբորատոր սարքերի վրա, խոչընդոտ են կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում։ Նա նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը միջամտել բոլոր պատժամիջոցների շտապ չեղարկման համար։

«Այսօր աշխարհը եւ մարդկությունը աննախադեպ միջազգային սպառնալիքի եւ վիրուսից տուժած երկրների ու դրա զոհերի համար աճող մտահոգության ականատեսն են։ Միջազգային իրավիճակը, ավելի, քան երբեւէ, ընդգծում է ազգային, տարածաշրջանային եւ միջազգային ջանքերի եւ համագործակցության անհրաժեշտությունը․․․ Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ այս ծայրահեղ հանգամանքներում Իրանի Իսլամական Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ լայնամասշտաբ պայքարից հետո պարբերաբար ենթարկվում է միակողմանի ուղղակի եւ անուղղակի անմարդկային պատժամիջոցների՝ Միացյալ Նահանգների կողմից»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել