Operativ.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆին տեղեկատվության արտահոսքի մեջ, որ իբրեւ Ռուսաստանը փորձել է միջամտել 2020 թվականի նախագահական ընտրություններին, եւ կոչ արել սկսել հետաքննություն այդ առնչությամբ, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ գաղտնի տեղեկատվության արտահոսքն արվել էր Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Բերնի Սանդերսին վնասելու նպատակով:
Հնդկաստան մեկնելուց առաջ Սպիտակ տան բացատում լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ հետախուզությունը չի իրազեկել նրան, որ Ռուսաստանը ձգտում է սատարել Սանդերսի նախընտրական արշավը:
«Արտահոսքի հետեւում կանգնած են նրանք՝ Ադամ Շիֆն ու նրա խումբը: Նրանք ինչպես միշտ պատասխանատու են փաստաթղթերի արտահոսքի համար: Պետք է սկսել հետաքննություն Ադամ Շիֆի նկատմամբ տեղեկատվության արտահոսքի գործով»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը մեղադրել է Ռուսաստանին իր նախընտրական քարոզարշավին աջակցելու փորձի մեջ եւ կոչ արել «հեռու մնալ ամերիկյան ընտրություններից»:
Կալիֆոռնիա նահանգի Բեյքերսֆիլդ քաղաքում ելույթի ընթացքում Սանդերսը հայտարարել է, որ ինչ-որ ամերիկյան պաշտոնյաներ հայտնել են նրան իր նախընտրական քարոզարշավում ավելի վաղ Ռուսաստանի միջամտության փորձի մասին:
Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ մի շարք ամերիկացի օրենսդիրներ տեղեկացրել էին Սանդերսին աջակցություն ցուցաբերելու Ռուսաստանի փորձի մասին: