Այսօր ադրբեջանական կողմը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի՝ տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի և, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչ Թուրալ Գյանջալիևի միջև հանդիպումը, և իբր այդ հանդիպման ժամանակ Կասպրշիկը շնորհավորել է վերջինիս Ադրբեջանում փետրվարի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավոր ընտրվելու և Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանի ընտրյալ ներկայացուցիչ դառնալու կապակցությամբ։

Ուշադրություն դարձրեք «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանի ընտրյալ ներկայացուցիչ» ձևակերպմանը...

2020թ.-ի հունվարի վերջին Ժնևում 2-օրյա չբանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն սկսեց կիրառել 1992թ․-ից այս կողմ չօգտագործված հենց այս ձևակերպումը՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Արցախի գալիք ընտրությունների արդյունքում ձևավորվող Ազգային ժողովը և ընտրված նախագահին, մինչդեռ կարող էր օգտագործել նախկինում բազմիցս կիրառված «Արցախի Հանրապետության իշխանություններ», «Արցախի Հանրապետության նախագահ» կամ ծայրահեռ դեպքում «Լեռնային Ղարաբաղի ղեկավարություն» ձևակերպումները։

Սակայն հանկարծակի մեր իշխանությունները որոշեցին փոխել բառապաշարը և օգտագործել 1992թ․-ի մարտին ընդամենը մեկ անգամ ԵԱՀԿ-ի կողմից օգտագործված ձևակերպում, որտեղ բերվում էր «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ և այլ ներկայացուցիչներ...» եզրույթը, որը իրենից այն ժամանակ ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի երկու՝ հայկական և ադրբեջանական (Շուշիի ադրբեջանցի քաղաքապետի), ներկայացուցիչների առկայություն բանակցություններին։

Մեր իշխանությունների կողմից անմիջապես բանակցություններից հետո այդպիսի ձևակերպում օգտագործելը առաջացրեց որոշակի անհանգստություն և առաջ բերեց բազմաթիվ հարցեր, հատկապես որ վերջին 2 տարիների ընթացքում Բաքուն ամեն կերպ փորձում է բարձրացնել իր այսպես կոչված «ԼՂ-ի ադրբեջանական համայնքի» լեգիտիմությունը և նվազեցնել Արցախի Հանրապետության իշխանությունների լեգիտիմությունը։ Մասնավորապես՝ հայկական ԶԼՄ-ներում հայտնվեցին պնդումներ առ այն, որ բանակցություններին քննարկվել է Արցախի Հանրապետության տարածքում հայկական և ադրբեջանական համատեղ բնակավայր ստեղծելու և այնտեղ միջազգային խաղաղապահներ տեղակայելու առաջարկը։ Նաև այդ լուրը կապվեց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, քանի որ բոլորին հայտնի է, որ ցանկացած միջազգային պայմանագիր պետք է արժանանա ՍԴ-ի գնահատականին և հետո նոր վավերացվի ու իրականացվի։

Ինչևէ, այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի գրասենյակը հնարավորինս շուտ պետք է պաշտոնական հերքում տարածի, փաստի, որ Գանջալիևի հետ նման կարգավիճակով (որպես ԼՂ-ի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ և ԼՂ-ի ընտրյալ ներկայացուցիչ) հանդիպում չի կայացել, և նման ձևակերպումներ Անջեյ Կասպրշիկի չի օգտագործել։

Եվ եթե ադրբեջանական կողմից տարածված այս հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ապա մեր իշխանությունները պետք է գործարկեն իրենց ամբողջ կարողությունը՝ պահանջեն ու ստանան այդ հերքումը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի գրասենյակի կամ Անջեյ Կասպրշիկի կողմից հերքում չտարածելու դեպքում առկա մտահոգությունները հասարակության մեջ ավելի կխորանան, իսկ եղած հարցերը ավելի կշատանան։

Քոթանջյան Տիգրան

Image may contain: 2 people, people standing and suit, text that says Samir Ahadoglu Mammadov @SamirAhadoglu Personal Representative of the @OSCE Chairperson-in-Office, Ambassador Andrzej Kasprzyk met the head of the the @AzeCommunityNK @TGanjaliyev & congratulated him for being elected to the parliament & becoming an elected representative of the Nagorno #Karabakh region of #Azerbaijan.Image may contain: 2 people, people standing

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել